![]()
Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բազում զրկանքների, զոհերի և զոհողությունների գնով, ի վերջո, հասել է խաղաղության, այն հաստատված է և ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը։
Այս մասին Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը։
«Շատերն են կասկածի տակ դնում խաղաղությունը։ Ես մեր 9 ամսական խաղաղությունը միշտ համեմատում եմ 9 ամսական երեխայի հետ։ 9 ամսական երեխան անհատ է, ավելին ասեմ՝ այն ընտանիքում, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, ուրախության ու երջանկության առիթն է այդ երեխան։ Այդպիսին է նաև Հայաստանը։ Մեր 9-ամսյա խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ներկայությունն է։ Փետրվարի վերջին մենք նստեցինք ուրախ ավտոբուսը, այդ ավտոբուսով ճամփորդեցինք և հասանք ուրախ Հայաստան։ Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանն ուրախ է, սա դարակազմիկ փոփոխությունը»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ սա չի նշանակում, որ իրենք որևէ զրկանք, տառապանք, զոհերին և զոհողություններին մառացել են։
«Ընդհակառակը, ես միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքի, որ մեր նահատակների հիշատակը հարգելու ամենալավ ձևը՝ ունենալ զարգացած, անվտանգ, բարեկեցիկ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ։ 2025թ․ ես երկկողմ ձևաչափով ո՞ւմ հետ եմ հանդիպել՝ ՌԴ նախագահ, ԱՄՆ նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, ԵՄ խորհրդի նախագահ, ԻԻՀ նախագահ, Թուրքիայի նախագահ, մեր հարևանների՝ Վրաստան, Ադրբեջան։ Ըստ էության, թոփ առաջնորդների մեծամասնության հետ ես երկկողմ ձևաչափով հանդիպում եմ ունեցել։ Այսպիսի հեղինակություն ունեցող Հայաստանը՝ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։
![]()