![]()
Հայաստանում նախատեսվող TRIPP նախագծի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո Մեղրի քաղաքը վերածվել է տարածաշրջանային և համաշխարհային կենտրոնի։
Այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց ՀՀ վարչապետ, Նիկոլ Փաշինյանը։
«Ինչ-որ ժամանակ կար Հայաստանում, տագնապալի ալիքներ էին առաջանում։ Մեղրին այսօր վերածվել է տարածաշրջանային, համաշխարհային կենտրոնի։ Աշխարհի թոփ լիդերներն այսօր մտածում են, որ Մեղրիում տեղի է ունենում շրջադարձային իրադարձություն։ Աշխարհի ղեկավարներն ինձ հետ հաղորդակցվում են հետևյալ հարցով՝ իսկ մենք ո՞նց կարող ենք մասնակցել, որովհետև հասկանում են, որ բան է տեղի ունենում, որն ունի շրջադարձային նշանակություն, որը հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք հաղորդակցությունների համար ունենալու է շրջադարձային նշանակություն»,- ասաց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի փոփոխության մասին։
«Հայաստանը նույն կոորդինատների վրա է, որ եղել է վերջին հարյուր տարում, բայց մեր ընկալումը միշտ եղել է այն, որ ՀՀ աշխարհագրական դիրքը խայտառակ վատ է, բայց տեղի է ունենում ՀՀ-ԵՄ գագաթնաժողովը՝ առաջինը պատմության մեջ, և ԵՄ հանձնաժողովի նախագահն ինձ հետ հանդիպումը սկսում է հետևյալ նախադասությամբ՝ ՀՀ-ն նստած է արևելք-արևմուտք ամենակարճ ճանապարհի վրա»,- ասաց վարչապետը։
Մեղրիում առնվազն 50 տոկոսով բարձրացել են անշարժ գույքի գները, իսկ Տավուշի մարզի սահմանազատված և սահմանագծված Կիրանց գյուղում շուրջ 50 նոր տուն է կառուցվում։
«Այսօրվա Կիրանցը և 2023թ․ Կիրանցը կիլոմետրերով իրարից հեռու են, Կիրանցը անվտանգ, զարգացած է, քան երբևէ։ Կիրանցում եղել է 95 կամ գուցե 100 տուն, այսօր Կիրանցում նախկինի 50 տոկոսի չափ տուն է կառուցվում։ 3400-ից ավելի սահմանամերձ բնակավայրում կառուցվում են տներ, նոր թաղամասեր։ Իմացա, որ ՀՀ տարբեր բնակավայրերում հայտնվում են նոր թաղամասեր պետական աջակցությամբ, որոնց ժողովուրդն ասում է «Նիկոլի թաղ», սա մեծ պատիվ ու հարտություն է ինձ համար»,- ասաց Փաշինյանը։
![]()