![]()
Մայիսի 15-ին պետական, քաղաքական, հասարակական գործիչ, Ղափանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Ռաֆայել Արմենակի Մինասյանի ծննդյան 100-ամյա հոբելյանն է, հայտնում են Կապանի համայնքապետարանից։
«Արժևորելով ու նշանավորելով նրա հսկայական ներդրումը՝ Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի անմիջական նախաձեռնությամբ և հետևողականությամբ Կապանում այսօր կայացավ Ռաֆայել Մինասյանի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությունը (կիսանդրու հեղինակ՝ Գագիկ Ալեքսանյան, հարթաքանդակների և դիզայներական աշխատանքների հեղինակ` Անդրեաս Օհանջանյան, հարթաքանդակի քանդակագործ՝ Էդգար Ստեփանյան):
Կիսանդրու բացման պատիվը տրվել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանին և Ռաֆայել Մինասյանի որդի՝ Աշոտ Մինասյանին։
Շնորհավորելով ներկաներին նշանակալի իրադարձության կապակցությամբ՝ համայնքի ղեկավարն իր ելույթում առանձնահատուկ կերպով ընդգծել է Ռաֆայել Մինասյանի՝ հայրենի եզերքին անմնացորդ նվիրվածությունն ու քաղաքի զարգացման գործում թողած անջնջելի հետքը։
«Ռաֆայել Մինասյանը լինելով մեծանուն և ըստ էության քաղաքը կառուցող անձնավորություն, մենք կարևոր ենք համարել կիսանդրին տեղադրել իր անունը կրող փողոցում, այդպիսով հավերժացնելով նրա հիշատակն ու արժևորելով թողած ժառանգությունը»,- ասել է Գևորգ Փարսյանը։ Համայնքի ղեկավարի համոզմամբ՝ ոչինչ երբեք չի մոռացվում։ Թեկուզ տասնամյակներ հետո, ցանկացած արժեքավոր աշխատանք ստանում է իր համարժեք գնահատականը։
«Անկեղծ շնորհակալություն եմ հայտնում Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանին, քանզի այսպիսի քայլերը վկայում են, որ քաղաքը գնահատում է իր անցած ճանապարհը։ Քաղաքի նորօրյա տեսքը, մաքրությունը, քաղաքի նկատմամբ ունեցած Ձեր անձնական հոգատարությունը հենց այն է, ինչը ցանկանում էր տեսնել հայրս»,- գնահատանքի իր խոսքում ասել է Աշոտ Մինասյանը։
Կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը հաջորդել է Ռաֆայել Մինասյանի կյանքին ու գործունեությանը նվիրված հուշ-ցերեկույթը, որի ընթացքում իրենց հուշերով և հետաքրքիր պատմություններով կիսվել են ՀԿԿ Ղափանի շրջկոմի առաջին քարտուղար (1980-1988թթ․) Ռոլանդ Ղոնյանը, «Խուստուփ» բնապահպանական, հասարակական կազմակերպության նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը և Կապանի պատվավոր քաղաքացի Սվետլանա Գևորգյանը։
Նշենք, որ կիսանդրու ստեղծումն ու պուրակի ամբողջական բարեկարգումը իրականացվել է համայնքային միջոցներով»,-նշվում է հայտարարության մեջ։
![]()
![]()