Երևանում կանցկացվի 2027թ․ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնությունը

Կառավարությունը միջոցներ է հատկացրել Երևանում կայանալիք Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների կարատեի առաջնության անցկացման համար։

Մրցաշարը կանցկացվի 2027թ. փետրվարի 5-11-ը։ Որոշումն ընդունվել է գործադիրի մայիսի 14-ի նիստում:

Հայաստանի կարատեի ֆեդերացիան հատկացված միջոցներով կիրականացնի մի շարք նախապատրաստական աշխատանքներ՝ ձեռք բերել անհրաժեշտ ծառայություններ և ապրանքներ, վճարել պարտադիր անդամավճարներ և այլն: Նշված ծախսերի համար Հայաստանի կարատեի ֆեդերացիային այս տարվա առաջին կիսամյակում կհատկացվի 270 մլն դրամ՝ համաձայն ներկայացված նախահաշվի և համապատասխան հիմնավորող փաստաթղթերի:

Առաջնության ընթացքում նախնական ակնկալվում է շուրջ 2000 մարզիկի, ավելի քան 5 տասնյակ մրցավարի, ինչպես նաև նրանց ուղեկցող և սպասարկող անձնակազմի մասնակցություն: Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ Եվրոպայի պատանիների, երիտասարդների և մինչև 21 տարեկանների առաջնությանը շուրջ 3000 անձի մասնակցություն է նախատեսվում:

Առաջնության անցկացումը կնպաստի մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը, մարզական ենթակառուցվածքների վերականգնմանը, ինչպես նաև Հայաստանի՝ միջազգային մարզական հարթակներում հանրահռչակմանը՝ միաժամանակ խթանելով տուրիզմի զարգացումը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ