![]()
Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողներ օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոնին հարակից բիայնական դամբարանից ապրիլի 24-ին գողացել են պատմամշակութային բացառիկ արժեք ներկայացնող իրեր։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՆԳՆ ոստիկանությունը։
«Գողացել են մեր թվարկությունից առաջ 8-րդ դարի գտածոներ․ փոքր թաս, որի մեջ եղել է կնիք՝ թռչունի նշանով և փականի մաս»,- ասում է կենտրոնի աշխղեկ Հրաչյա Կամոյանը։
Ըստ հնագիտական պեղումների տվյալների՝ ենթադրվում է, որ դամբարանը պատկանել է բարձրաստիճան ազնվականի կամ զինվորականի, իսկ գողացված առարկաները այդ դարաշրջանի եզակի նմուշներ են։
«Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցինք, որ գողությունը կատարել են Երևանի բնակիչ՝ 35-ամյա և Արարատի մարզի Ավշար գյուղի բնակիչ՝ 36-ամյա երկու երիտասարդ։ Մայիսի 9-ին նրանք հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել են բաժին, որտեղ խոստովանել են արարքը»,-ներկայացնում է Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկան Վարդան Աթոյանը։
Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա տղամարդը ներկայացրել է գողոնը։
Երիտասարդները կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել են նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
![]()