Սպառնալիքներ, կաշառք «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարի կողմից. հրապարակվել են ձայնագրություններ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի աջակից և նույն դաշինքի Սպիտակ բնակավայրում գործող գրասենյակի ղեկավարը ՀՀ նախագահի՝ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունները նշանակելու մասին հրամանագրի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտնելուց հետո բարեգործություն իրականացնելու օրենսդրական արգելքի պայմաններում ընտրող հանդիսացող ՀՀ Լոռու մարզի բնակչին անհատույց տրամադրել է դրամական միջոց։

Բացի այդ՝ այլ անձանց հետ խոչընդոտել է նույն մարզի բնակչի ընտրական իրավունքի ազատ իրականացումը, որը դրսևորվել է վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով։

«Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ ընտրական գործընթացների օրինականության ապահովումը շարունակում է մնալ որպես առաջնահերթություն, և ընտրական բնույթի բոլոր իրավախախտումները գտնվում են Կոմիտեի ամենօրյա ուշադրության կենտրոնում՝ հիշեցնելով, որ ընտրակաշառք տալու և ստանալու համար նախատեսված է 7-ից մինչև 8 տարվա ազատազրկում։ Հորդորում ենք զերծ մնալ ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի ներգործությունից՝ ապահովելով քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքը»,- ասվում է ՀԿԿ հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ