Պրոֆեսիոնալիզմ, բարեվարքություն, զսպվածություն, ոչ ասելու կարողություն. ինչ է պետք դատախազին՝ ըստ Վարդապետյանի

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2026 թվականի մայիսի 13-ին ընդունել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի շուրջ 4 տասնյակ ուսանողների:

Աննա Վարդապետյանն ուսանողների հետ հարցուպատասխանի ձևաչափով անցկացված քննարկման ընթացքում անդրադարձել է մի շարք հարցերի, որոնք վերաբերել են Դատախազության սահմանադրական լիազորություններին, դատախազի պաշտոնին ներկայացվող պահանջներին, մասնավորապես՝ պրոֆեսիոնալիզմին, բարեվարքությանը, զսպվածությանը, էթիկային, սրտացավությանը, ինչպես նաև պատասխանել է պետական (համայնքային) շահերի պաշտպանության ոլորտում Դատախազության կողմից իրականացվող աշխատանքներին ու դրանց արդյունքներին վերաբերող հարցերին:

«Դատախազը, բացի մասնագիտական բարձր հատկանիշներից, պետք է ունենա մի կարևոր հմտություն՝ «ո՛չ» ասելու կարողություն: Շատ հաճախ արդարության հետ կապված մեր կոնֆլիկտը «ո՛չ» ասելու կարողության բացակայությամբ է պայմանավորված: Մեր նման փոքր հասարակություններում շատ հաճախ մենք ամաչում ենք ասել «ո՛չ, հնարավոր չէ դրսևորել անարդար կամ խտրական վերաբերմունք»: Բավական է մի դեպքով խախտես այդ կշեռքի նժարը, այլևս չես կարողանա վերականգնել դրա հավասարակշռությունը», — ընդգծել է Աննա Վարդապետյանն ու պատասխանել ուսանողների այլ հարցերին:

Գլխավոր դատախազություն կատարած այցի շրջանակում Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողները շրջել են Դատախազության շենքում, այցելել են Դատախազության թանգարան, ինչպես նաև Գլխավոր դատախազության վարչական շենքում գործող ԵՊՀ իրավաբանական լաբորատորիա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ