![]()
Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը X-ի միկրոբլոգում գրառում է արել Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։ Նա կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ և գրել.
«Մեր նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել։ Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»։
Հիշեցնենք՝ մայիսի 12-ին Շենգավիթում քարոզարշավի ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը վարչապետ Փաշինյանի ականջին ինչ-որ բան էր շշնջացել, որից լսելի էր եղել հետևյալը՝ «թուրքերն էսօր բացում են… կոդերը… մի հատ welcome-ինգ տեքստ անենք՝ ԱԳՆ խոսնակի քոմենթ»:
Վարչապետն այնուհետև լրագրողների հետ զրույցում պարզաբանել ու բացատրել էր՝ ինչ է իր ականջին փորձել ասել Արարատ Միրզոյանը, ու Թուրքիայի հետ կապված ինչ նորություն կա, և տեղեկացրել էր Թուրքիայի հետ ուղիղ առևտրի հնարավորության մասին։
Թուրքիայի ԱԳՆ-ն մայիսի 13-ին հայտնել էր, որ Հայաստանի հետ ուղիղ առևտրային հարաբերությունների մեկնարկի նախապատրաստական աշխատանքներն ավարտվել են մայիսի 11-ին։
![]()