Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով պատմամշակութային արժեք հանդիսացող 14 հողատարածք

Կոտայքի մարզի դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, 2025 թվականի հունիսի 20-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի և ֆիզիկական անձանց` 2007 թվականի օգոստոսի 10-ին և օգոստոսի 15-ին կնքված՝ հողամասերի առուվաճառքի 14 պայմանագրերն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մայիսի 11-ի վճռով բավարարել է Կոտայքի մարզի դատախազության հայցը: Վճռով՝ անվավեր են ճանաչվել շուրջ 1.3 հա մակերեսով, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված՝ պատմական և մշակութային արժեքների օբյեկտներ հանդիսացող 14 հողամասերի առուվաճառքի պայմանագրերը: Որպես անվավերության հետևանք, ի թիվս այլնի, անվավեր է ճանաչվել նաև հողամասերի նկատմամբ ֆիզիկական անձանց անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումները:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքին կվերադարձվի շուրջ 1.3 հա մակերեսով 14 հողատարածք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ