Քաղաքական թոթովախոսը. «հաղթարշավ» բառը սխալ արտաբերած օլիգարխը «մանթրաժ»-ից ո՞ւմ էր փորձում հայացքով նախատել

Քարոզարշավի առաջին օրը անհաջող, լեզվական կոպտագույն սայթաքումով սկսվեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի համար. իր տան բակից աջակիցներին ու ժողովրդին ուղղված ուղերձում «ուժեղների» լիդերը չկարողացավ արտասանել ելույթի բանալի բառը՝ «հաղթարշավ»-ը։

Այո՛, սեփական խոսքը դզել-փչելու՝ մոնտաժի գործիքի ընձեռած հնարավորությունից զրկված լինելը անհարմար դրության մեջ է դնում քաղաքական թոթովախոսներին։ Եվ բացի այդ՝ երբ ուրիշն է քո փոխարեն գրում ելույթի տեքստեր՝ առանց հաշվի առնելու հայերենի բառերի արտասանության քո կարողությունները, սայթաքումներն անխուսափելի են։

Նկատեցի՞ք՝ «հաղթարշավ» բառը սխալ արտաբերելու հետևանքով ի հայտ եկած «մանթրաժը» հաղթահարելու համար Կարապետյանը նայեց իր թիմակիցներից մեկի ուղղությամբ։ Այս հոգեբանական պահը վկայում է, որ ելույթի տեքստը գեներացվել է ոչ թե ելույթ ունեցողի մտածող օրգանում, այլ գրել է ուրիշը, որի ուղղությամբ էլ սայթաքողը նայում էր՝ հայացքով նախատելով ու միաժամանակ աջակցություն ակնկալելով։

Կասկած չկա, որ Կարապետյանի անունից մինչև այս հրապարակված (այդ թվում՝ բանտում գրված), նրա արտաբերած տեքստերը, նրա մասնակցությամբ բեմադրված հարցուպատասխանները նույնպես ուրիշի մտքի արգասիքն են։ Սիլլոգիզմի կանոնով առաջնորդվելու դեպքում պետք է բխեցնել՝ ինքնահռչակ վարչապետ Սամվել Կարապետյանը չունի սեփական մտածող օրգանում արտադրվող քաղաքական միտք, հետևապես նրա խոսող օրգանը արտաբերում է այլոց մտածող օրգանների արտածած արգասիքները։

Արդ, իրեն հռչակելով ՀՀ հաջորդ վարչապետ՝ արդյոք Սամվել Կարապետյանը պատկերացնո՞ւմ է պատասխանատվության այն ահռելի բեռը, որը ստիպված է լինելու կրել իր անփորձ ուսերին՝ փորձության ենթարկելով սեփական մտածող օրգանն ու ամենակարևորը՝ պետությունը։

Անհավատի տպավորություն պետք չէ թողնել, սակայն «հաղթարշավ» բառի արտաբերման ժամանակ տեղի ունեցած լեզվական սայթաքումը, ինչպես ասում են, վատ նշան է՝ «плохой признак»։ Նշան այն մասին, որ «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ վիլլա ունենալն ու դրա պատերի ներսից պսևդոքաղաքական ճառեր ասելը դեռ չի երաշխավորում հաղթանակ ընտրություններում։

Ինչ վերաբերում է բառի երկրորդ արմատին՝ «արշավ»-ին, այո՛, «Ուժեղ Հայաստան»-ը իսկական նախընտրական արշավ է սկսել ընտրողի ազատ կամքի նկատմամբ ընտրակաշառք բաժանելու, խոստանալու, գողականների միջոցով «պռագոն անելու» միջոցով։

Ի դեպ, պարզվեց, որ ուժեղները ծանր են տարել «հաղթանակ» բառի հետ կապված «կիքսը», այն աստիճան, որ ուղիղ եթերի ժամանակ տեղի ունեցած սայթաքման պահը որոշել են մոնտաժել։ Իհարկե, կուսակցական հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած խայտառակությունը հնարավոր է խմբագրել, սրբագրել, մոնտաժել, բայց անգամ պատկերացնելն է սարսափելի, թե ինչ տեղի կունենա, եթե քաղաքական-քաղաքագիտական «հրաշք» տեղի ունենա՝ Սամվել Կարապետյանը դառնա ՀՀ վարչապետ, հարևան երկրների հետ բանակցությունների ժամանակ փորձի արտաբերել ուրիշների (իրեն ՀՀ քաղաքական դաշտ գործուղածների) թելադրած տեքստերը՝ արտաբերելիս թույլ տալով ռազմավարական նշանակության սայթաքումներ։

Ի դեպ, «հաղթանակ» բառի հետ «հարաբերությունների» առումով հաշտ չէ նաև Ռոբերտ Քոչարյանը։ Հիշո՞ւմ եք՝ 2021-ի նախընտրական փուլում նա էլ հայերենի ուղղագրությանը տիրապետելու իր մակարդակն էր ցուցադրել՝ «հաղթանակած» բառում թույլ տալով ուղղագրական կոպտագույն սխալ՝ բառը գրելով «խ»-ով։ Այդ բառի հետ վատ հարաբերությունները ինչպես Քոչարյանին չբերեցին հաղթանակ ընտրապայքարում վարչապետի պաշտոնը ուզուրպացնելու տեսքով, այնպես էլ բերելու են Սամվել Կարապետյանի վարչապետական «հաղթարշավի» կատարյալ ֆիասկոյին։

Հ.Գ. Այս քարոզարշավի ժամանակ ևս Քոչարյանը ի ցույց դրեց հայերենի իր իմացությունը՝ եվրոպական բառն ասելով՝ «եվրոպապայան», իսկ արկածախնդրությունը՝ «արծակախնտռություն»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ