Բոլորը պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու, որ ՀՀ-ն ունի նոր տրամաբանության բանակ․ վարչապետ

«Վերջին երեք տարիներին Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում տեղադրվել է 170 միլիարդ դրամի պատվեր, ինչի արդյունքում ստեղծվել են տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ»։

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձերից իր տեղադրած տեսանյութին, որից պարզ է դառնում, որ զորահանդեսի ժամանակ ցուցադրվելու է նաև հայկական արտադրության հետախուզա-հարվածային ԱԹՍ։

Ըստ վարչապետի՝ ռազմարդյունաբերական ոլորտում իրականացված պատվերների արդյունքում ստեղծվել են նոր արտադրություններ։

«Վերջին երեք տարիներին Հայաստանում 170 միլիարդ դրամի պատվեր ենք տեղադրել ռազմարդյունաբերական համալիրում, տասնյակ ձեռնարկություններ և գործարաններ են ստեղծվել, որոնք արտադրանք են թողարկում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետը քաղաքացիներին կոչ է արել մայիսի 28-ին ներկա գտնվել Հանրապետության հրապարակում նախատեսված միջոցառմանը։

«Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է լինեն Հանրապետության հրապարակում՝ արձանագրելու համար, որ Հայաստանի Հանրապետությունն ունի նոր որակի, նոր մակարդակի և նոր տրամաբանության բանակ»,- հայտարարել է նա։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութեր էր հրապարակել մայիսի 28-ին կայանալիք զորահանդեսի փորձերից։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ