![]()
Համացանցում տեսանյութ է տարածվում, թե ինչպես է «Նիվա» մակնիշի վարորդը մեքենայի հետևից պարանով կապել շանը, վարում է այն և վազեցնում շանը։
Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ որևէ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել, սակայն տեսել են տեսանյութը և այս պահին միջոցներ են ձեռնարկվում քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Նույն հոդվածի 2-րդ կետում ասվում է.
1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առանձին դաժանությամբ, 12 տարին չլրացած անձի ներկայությամբ կամ շահադիտական դրդումներով՝ պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով։ Ռոզա Վարդանյան
![]()