![]()
«Հայաստանը չի պատրաստվում արձագանքել բոլոր միջազգային հայտարարություններին և չի հավակնում համաշխարհային բոլոր գործերին խառնվել»:
Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք արձագանքելո՞ւ է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հայտարարություններին, որտեղ նա, ըստ ռուսական կողմի, սպառնացել էր ՌԴ-ին։
Վարչապետը նշել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը բազմակողմ հարթակ է, և հյուրընկալող երկրի ղեկավարի կարգավիճակը չի նշանակում, որ ինքը պետք է արձագանքի բոլոր ելույթներին։
«Չեմ կարծում, թե հյուրընկալող երկրի Կառավարության ղեկավարի կարգավիճակով պետք է գրաքննեմ կամ պարտադիր ամեն ինչի արձագանքեմ»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման հարթակներում տարբեր առաջնորդներ արտահայտում են իրենց դիրքորոշումները։
«Եղել է նաև, որ իմ ներկայությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտարարություններ է արել տարբեր երկրների վերաբերյալ, բայց ես չեմ հիշում, որ Ռուսաստանը ինձնից ակնկալեր, որ ես արձագանքեի այդ հայտարարություններին»,- նշել է վարչապետը։
Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանը միաժամանակ անդամակցում է տարբեր միջազգային կառույցների, սակայն դա չի նշանակում, որ պետք է ներգրավի բոլոր գլոբալ հակամարտություններում։
«Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական քաղաքական համայնքի անդամ երկիր է, ԵԱՏՄ անդամ երկիր է, ԱՊՀ անդամ երկիր է, բայց դա չի նշանակում, որ մենք հավակնում ենք համաշխարհային բոլոր գործերին խառնվել»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է և կենտրոնանում է իր օրակարգերի վրա։
«Մենք փոքր երկիր ենք՝ մեր փոքր օրակարգերով, և միշտ չէ, որ մենք համարում ենք, որ պետք է գլոբալ հարցերի շուրջ առաջ ընկնել և հայտարարություններ անել»,- ընդգծել է Փաշինյանը։
Նա հավելել է, որ Հայաստանը փորձում է իր համեստ դերակատարումը ունենալ համաշխարհային կայունության և խաղաղության ապահովման գործում։
Եվրոպական քաղաքական համայնքի երևանյան գագաթնաժողովի ժամանակ, որը կայացել է մայիսի 4-ին, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք զորահանդեսի ընթացքում ուկրաինանական ԱԹՍ-ները լինելու են Կարմիր հրապարակի երկնքում։ Ռուսական կողմից Հայաստանի իշխանության հասցեին քննադատություններ էին հնչել առ այն, որ նրանք չեն արձագանքել Զելենսկիի հայտարարություններին։
![]()