![]()
«Դառնության զգացում ունեմ և պահանջում եմ, որ այդօրինակ դեպքերում բոլոր պատասխանատուները վերաբերվեն այնպես, ինչպես կվերաբերվեին իրենց երեխայի դեպքում»:
Այս մասին քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով Վեդիի մանկապղծության դեպքի և իրավապահների գործողությունների վերաբերյալ հարցին:
«️Երբ քաղաքական հարթակներում ասում եմ՝ Հայաստանն իմ տունն է, ժողովուրդն իմ ընտանիքն է, դա պետք է նաև արտահայտվի պետակա ինստիտուտների, այդ թվում՝ իրավապահների աշխատանքում: Իրավապահներն առավել ևս նման դեպքերում պետք է վերաբերվեն այնպես, ինչպես՝ եթե իրենց ընտանիքի անդամի հետ նման բան տեղի ունենար:
Եթե իրավապահ համակարգի գործունեությունից մի փոքր շեղում եմ նկատում, դա ինձ համար բացարձակապես անընդունելի է: Մնացած մասերով չեմ կարող մեկնաբանություն տալ»,-նշել է նա:
Հիշեցնենք՝ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ սեռական ոտնձգության դեպքով երկու անձ կալանավորվել է։ Նրանք 2 ամսով են կալանավորել։ Այսօր էլ երրորդ անձն է կալանավորվել երկու ամսով։
Մայիսի 7-ին հայտնել էինք, որ Վեդիում անչափահասների նկատմամբ սեռական բռնության գործի շրջանակում Արարատի մարզային քննչական վարչության պետ Տիգրան Շոխոյանը և Վեդիի քննչական բաժնի պետ Լեռնիկ Վարդանյանը ազատվել են պաշտոններից:
Մայիսի 8-ին էլ Արարատի մարզի դատախազ Վարդան Պողոսյանն էր իր դիմումի հիման վրա ազատվել աշխատանքից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վեդիում անչափահաս քույրերի հետ կապված գործով 2 անձ ձերբակալվել է, և նրանց նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել։ Նրանք կալանավորվել են, կա նաև երրորդ մեղադրյալ:
Դատախազությունից էլ հայտնել էին, որ Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա. Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ. Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)։
Փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտնել էր, որ գործում ներգրավված է 3 անձ, տուժողները 2 քույրեր են՝ 15 և 17 տարեկան։
Հիշեցնենք՝ լրագրող Սյուզի Բադոյանը իր էջում հայտարարել էր, թե Վեդիում 2 երեխայի մանկապղծության դեպք է գրանցվել, այնուհետև եղել է վենդետա՝ դանակահարություն, և ՆԳՆ-ն իբր փորձում է կոծկել դեպքերը:
Ներքին գործերի նախարարությունից հերքել են դեպքը կոծկելու փորձի մասին տեղեկատվությունը՝ հայտնելով մանրամասներ:
Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված և համացանցում լայն տարածում ստացած տեղեկատվության վերաբերյալ Քննչական կոմիտեն առանձին ներկայացրել է քրեական վարույթների նախաքննության ընթացքում պարզված որոշակի հանգամանքներ:
![]()