Ընտրություն կատարելու հարց օրակարգում չենք դնում. Փաշինյանը՝ Պուտինի հայտարարության մասին

«Մինչև այն պահը, երբ ընտրություն կատարելու անհրաժեշտություն չի լինի դե յուրե և դե ֆակտո, մենք նման հարց օրակարգում չենք դնում»:

Այս մասին քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահի հայտարարությանը, թե Երևանը պետք է հնարավորինս շուտ հստակեցնի՝ ցանկանում է անդամակցել ԵՄ-ի՞ն, թե՞ ԵԱՏՄ-ին, այդ դեպքում հնարավոր կլինի քաղաքակիրթ ապահարզանի գնալ:

Ի պատասխան՝ Փաշինյանը նշել է, որ համաձայն չէ «ապահարզան» ձևակերպման հետ, որովհետև միջպետական հարաբերությունները երբեմն շփոթում են ամուսնության հետ:

«ՀՀ-ն միջպետական հարաբերություններում առաջնորդվում է միջպետական տրամաբանությամբ»,- ասել է ՀՀ վարչապետը:

ՌԴ նախագահը նաև ասել էր, թե տրամաբանական կլինի, որ ՀՀ-ն հանրաքվե անցկացնի ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու վերաբերյալ:

Այս պնդմանն ի պատասխան՝ Փաշինյանն ասել է.

«Քանի դեռ անհրաժեշտություն չի առաջացել, չենք պատրաստվում որևէ հարց դնել, հանրաքվե անել: Կանենք այն պահին, երբ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը լինի: Իմ գնահատականն այն է, որ դրա օբյեկտիվ անհրաժեշտությունը պարզապես չկա։

Մենք ԵԱՏՄ լիարժեք անդամ ենք, լիարժեք մասնակցում ենք բոլոր որոշումների կայացմանը։ Մենք չունենք նպատակ վնասելու Ռուսաստանի շահերին»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ