Արթուր Աբրահամը Երևանում կմասնակցի բարեգործական վազքի

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 10-ին Երևանում կմասնակցի առաջին անգամ Հայաստանում անցկացվող Wings for Life World Run աշխարհահռչակ բարեգործական վազքին: Wings for Life World Run–ը Հայաստան է բերվում Red Bull-ի կողմից:

Միջոցառման մասնակցության վճարների և նվիրատվությունների 100%-ն ուղղվում է գիտական հետազոտությունների՝ աջակցելով ողնուղեղի վնասվածքների բուժման նոր հնարավորությունների ստեղծմանը։ Վազքը մեկնարկելու է կիրակի՝ մայիսի 10-ին, ժամը ուղիղ 15։00-ին, Հրազդանի կիրճում («Ֆլորենս» համալիրի հատված)։

Երևանում Wings for Life World Run աշխարհահռչակ բարեգործական վազքին մասնակցելու է նաև հայկական ծագմամբ պարող, խորեոգրաֆ և Flying Steps բրեյքդանս խմբի համահիմնադիր ու ստեղծագործական ղեկավար գերմանաբնակ Վարդան Բասիլը։ Նա նաև Flying Steps Entertainment-ի գործադիր տնօրենն է և համաշխարհային ճանաչում ունեցող պարային շոուների ստեղծող, ինչպիսիք են Red Bull Flying Bach-ը։

Սա սովորական վազք չէ. այստեղ չկա վերջնակետ՝ վազում ես այնքան, մինչև քեզ հասնի վիրտուալ Catcher Car-ը: Միանալով Wings for Life World Run-ին՝ Հայաստանը դառնում է մեծ ու կարևոր գաղափարի մասնակից․ հարյուր հազարավոր վազորդներ ամբողջ աշխարհով մեկ, միաժամանակ մեկնարկում են վազքը՝ համախմբվելով մեկ ընդհանուր գաղափարի շուրջ՝ աջակցելու նրանց, ովքեր չեն կարող վազել։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ