![]()
«Ինչո՞ւ պետք է ՀՀ-ն իր պետական շահերից բխող որևէ միջոցառում հյուրընկալելիս մտածի, թե դա ինչպես կընկալի Ռուսաստանը կամ մեկ այլ երկիր: Ժողովրդավար Հայաստանում դա չի կարող լինել: Տվյալ անձի պատկերացրած ՀՀ-ն այլևս անցյալում է, մենք այդտեղ անելիք չունենք, քաղաքացիները հունիսի 7-ին կամրագրեն, որ տվյալ մոտեցումը պատմության աղբանոցում է»:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի տաղավարում ասում է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանը՝ անդրադառնալով ռուսաստանցի օլիգարխ Սամվել Կարապետյանի հայտարարությանը, թե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ՀՀ հրավիրելով՝ Հայաստանը դուրս է գալիս ՌԴ-ի դեմ:
Անդրադառնալով 300 հազար ադրբեջանցի ՀՀ գալու վերաբերյալ Կարապետյանների պնդումներին՝ Մարգարյանը նկատում է. «Յուրաքանչյուր հայի էմոցիաները թիրախավորում են, 300 հազար ադրբեջանցիների հարցը շահարկելը շատ վտանգավոր շերտեր ունի: Սա անբարոյական սուտ է: Սարսափում եմ, թե այս մեկ ամսվա ընթացքում ինչ նարատիվներ, ստեր են տարածելու»:
Զրուցակցի խոսքով՝ այս ուժերը Հայաստանն ուզում են տանել 2020 թվականից առաջ եղած ժամանակներ. «Մենք ունենք մեծ եղբայր, որ մեր փոխարեն ամեն ինչ կանի, մեզ ուզում են տանել 2020 թվականից առաջ եղած ժամանակներ: Ուզում են գան, որ մեր բոլոր հասածներին ջնջեն, նահանջենք խաղաղությունից: Արդյոք մենք պատրա՞ստ ենք ևս մեկ, երկու, երեք սերունդ զոհել: Ընկնելով պատմական Հայաստանի հետևից՝ մոռանում ենք իրական Հայաստանը։ Մենք ինչ բանակ ենք ուզում՝ որտեղ մարդկային ռեսուրսը թնդանոթի մի՞ս է, ի՞նչ հասարակություն ենք ձևավորում՝ որ իրենց երեխաներին ՌԴ քաղաքացի դարձնեն, որ բանակում չծառայե՞ն, չենք ուզում նման բան: Ստրո՞ւկ ենք ուզում լինել, քավ լիցի, չենք ուզում, ովքեր ուզում են, թող գնան, ճանապարհը բաց է»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
![]()