![]()
Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե մի «գաղտնիք» է ուզում բացել, ապա սկսել է հորինված մի պատմություն պատմել՝ կապված վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
«Վարչապետը անցյալ տարի երբ գնացել էր Չինաստան, դուք գիտեք՝ այնտեղ կան ռեստորաններ, հատուկ սնկերի ռեստորաններ կան, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիա են առաջացնում, ինքը այնտեղ փորձել էր, դուրը եկել էր և իմ ինֆորմացիայով մոտավորապես մեկ տոննա հետը առել բերել ա Հայաստան»,- ասել է օլիգարխը:
Կառավարության նիստի ժամանակ «Հայկական ժամանակ»-ը վարչապետից հետաքրքրվել է, թե ինչպես կմեկնաբանի այս հայտարարությունը: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ծանոթ չէ Կարապետյանի ասածներին, չի մեկնաբանում:
«Ձեզ թվում է, թե ես ամբողջ օրը նստած ձեր ասած մարդկանց հայտարարություններն եմ կարդո՞ւմ, կներեք, բայց ես մի քիչ ավելի կարևոր գործեր ունեմ: Հիմա ասուլիս եմ անում, թե չէ էլ ուրիշ ինչո՞վ կարող էի զբաղվել, հիմա նստած ուշի-ուշով հետևելու էի կալուգացի օլիգարխի ասուլիսին, թե չէ Հայաստանի վարչապետն էդ ժամին ուրիշ էլ ինչո՞վ կարող էր զբաղվել»,- հեգնել է Կառավարության ղեկավարը:
Այնուհետև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ դատի է տալու այդ հայտարարության համար:
«Ինձ ցույց տվեցին կալուգացի օլիգարխի տխմար հայտարարությունը՝ մի տոննա հալյուցինացիա առաջացնող սնկերի վերաբերյալ: Բնականաբար, դատի եմ տալու և բառիս իրավական իմաստով մի տոննա հալյուցինացիա առաջացնող սունկ եմ կերցնելու կալուգացի օլիգարխին: Կներեք բառապաշարիս համար, բայց ամեն ինչ չափ ու սահման ունի»,- հայտարարել է վարչապետը:
Մամուլի ասուլիսի ժամանակ, երբ լրագրողները Կարապետյանին հայտնել են այս մասին, նա փորձել է խուսանավել հայտարարածից՝ ասելով. «Ես ասեցի՝ տենց ինֆորմացիա ունեմ»:
![]()