Նոր բիոմետրիկ անձնագիրը դեռ չտպագրված՝ արդեն հայտնվել է «ռազմահայրենասեր» դավադրապաշտների թիրախում. Ջալալյան

Դավիթ Ջալալյանը գրում է.

«Թուրքական» Եվրոպա՞, թե՞ տոտալ անգրագիտություն. Ում է ձեռնտու անձնագրի շուրջ հիստերիան
Հայկական նոր բիոմետրիկ անձնագիրը դեռ չտպագրված՝ արդեն հասցրել է հայտնվել «ռազմահայրենասեր» դավադրապաշտների թիրախում։
Ոմանք նոր փաստաթղթի կարմիր երանգի մեջ տենդագին կերպով «թուրքական հետքեր» են փնտրում՝ մոռանալով կամ միտումնավոր լռելով մի պարզ իրողության մասին։
Եվրոպական Միության անդամ 27 երկրներից 26-ի անձնագրերը հենց այս գույնի են։ Այո՛, Եվրոպայի քաղաքական քարտեզը գրեթե ամբողջությամբ «բորդո» է։
Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, Լեհաստանը և տասնյակ այլ զարգացած պետություններ օգտագործում են հենց այս երանգը (Burgundy red) որպես միասնության, ընդհանուր արժեքների և եվրոպական ընտանիքին պատկանելության խորհրդանիշ։
Որևէ մեկի մտքով անցնո՞ւմ է ֆրանսիացուն կամ գերմանացուն մեղադրել հարևանների հետ նույնականանալու մեջ։ Բնավ՝ ոչ։
Այս գույնի ընտրությունը քմահաճույք չէ, այլ հստակ քաղաքական վեկտոր։
Հայաստանը պարզապես սկսում է խոսել աշխարհի հետ նույն գեղագիտական և իրավական կոդերով։Ժամանակն է սովորել տարբերակել պետական ռազմավարությունը էժանագին պոպուլիզմից։ Գույնը «թուրքական» չէ, գույնը քաղաքակիրթ աշխարհի ընդունված չափանիշն է։ Իսկ նրանց համար, ովքեր ամեն ինչի մեջ դավաճանություն են տեսնում, հիշեցնենք՝ կույր լինելը դեռ հայրենասիրություն չէ։
Նոր անձնագիրը մեր քաղաքակիրթ տոմսն է դեպի մեծ աշխարհ՝ հայկական զինանշանով և եվրոպական որակով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ