![]()
Բժիշկ, հասարակական և մշակութային գործիչ Վահան Վարդապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով լեզվական և խոսակցական հաշմանդամությանն ու ներկա ընդդիմության շարքերում դրա առկայությանը:
«Վաղուց ի վեր յուրաքանչյուր անհատի հանդեպ իմ հարգանքը պայմանավորված է եղել նաև հայերենի իմացությամբ, մայրենի լեզվամտածողության և հայեցի խոսքի կառուցման կարողությամբ։
Գրագետ և կիրթ համարվելու գլխավոր չափանիշը մայրենիին տիրապետելու, հայերեն մտածելու և հայերեն խոսելու ունակությունն է։
Հարգանքը և պաշտամունքը մայրենի լեզվի հանդեպ արժանապատվության, հայրենասիրության, պետականությանն ու ինքնիշխանությանը նվիրվածության հատկանիշներ են։ Չափազանց մեծ հարգանքով եմ վերաբերվում այն անձանց, ովքեր ճակատագրի բերումով պատշաճ չեն տիրապետում մայրենիին, սակայն խորապես գիտակցելով այդ մեծ բացը, ձգտում են այն հաղթահարել։
Չեմ թաքցնում, որ մեր ամենամեծ ազգային արժեքը համարել եմ մայրենի լեզուն, սիրել ու պաշտել եմ այն, այսօր էլ սիրահարված եմ ոսկեղենիկ մայրենիին։ Դեռ մանկուց ձգտել եմ խորապես ու մաքրամաքուր տիրապետել հայոց լեզվին, խոսել կենդանի ու բնական, առանց արհեստական երանգների ու անհարկի ճոռոմաբանությունների։ Եղել եմ և առ այսօր կամ մայրենի լեզվի անաղարտության պահպանման «սանիտարը» իմ շրջապատում` բակում, դասարանում, լսարանում, ամենուր… գրավոր և խոսակցական սխալները հետևողականորեն ուղղելու, բացատրելու անխոնջ դերակատարը, ինչի հետ համակերպվել է ինձ ճանաչող յուրաքանչյուր ոք։ Չափազանց խստապահանջ եմ իմ բանավոր և գրավոր խոսքի հանդեպ, ինչը նաև ժառանգական֊ընտանեկան նախատրամադրվածության արդյունք է (հայոց լեզվի և գրականության հրաշալի մասնագետների զավակ եմ, ճանաչված հայագետ֊բանասերների ազգական)։
Ով հայերեն խոսել , առավել ևս հայերեն մտածել չգիտի, նա մտավոր հաշմանդամ է, ով տարրական հարգանք չունի մայրենի լեզվի հանդեպ, նա հանցագործ կամ սրիկա է, ով չի տիրապետում մայրենիին և ջարդուփշուր է անում հայերեն լեզուն, դրանով հանդերձ ձգտում բարձր պաշտոնների,ապա նա ամբարտավան և չափի զգացողությունը կորցրած մեկն է։
Իսկ ով ատում է իր մայրենին, նա չի կարող չատել ու սիրել իր ժողովրդին ու պետականությունը։
Հայերենի իմացության մակարդակը անձի, պետական պաշտոնյայի բնութագիրն է։ Անգրագետ և ոչ հայեցի մարդկանց հասարակության գոնե գրագետ խավը պետք է մերժի ու բացառի։ Իրեն հարգող և գրագետ համարող որևէ մեկը չեմ պատկերացնում համակրի և քվեարկի «անլեզու», կիսագրագետ տարրին։ Մայրենիի կարևորությունը չգիտակցող տարրը նաև ստրկամիտ, քաղքենի, թույլ ու տկար է։
Եթե մարդու խոսքը լսելի չէ, խղճահարություն, զայրույթ և նողկանք է առաջացնում, գրագետ, տրամաբանված և բարեհնչուն խոսքը արժանի է հարգանքի, էլ չեմ ասում հռետորական արվեստի և ճարտասանության դեպքում խոսքը հմայքի ու հիացմունքի հզոր գործոն է։
Գործնական հետևություն՝
Եռագլուխ կուսակցության երեք գլուխների միասնական լեզվական իմացությունն անգամ հեռու է բավարար լինելուց։ Գլուխներից մեկը (լավ թե վատ) մտածում է հայերեն, ձևակերպում պարզունակ ու կրկնվող մտքեր, մյուս գլուխը մեծ խնդիր ունի մի քանի հոդաբաշխ նախադասություն միմյանց կապակցելու, ուստի հարկադրված է արհեստական բանականությունից «կախվելու», մյուս և հիմնական գլուխը հայերեն բառերով շարադրում է ոչ հայերեն շարադասություններ, որ՞ լեզվամտածողության արգասիք են իր ձևակերպումները, ուսումնասիրության առարկա է։
Եթե անգամ պետականությանը սպառնացող մնացած վտանգներից զերծ լինեին, ապա լեզվական ու խոսակցական հաշմանդամությունը բավարար է կիրթ ու գրագետ հասարակության կողմից միանշանակ մերժվելու»,- գրել է Վարդապետյանը:
![]()