Զախարովան մեկնաբանել է Սոլովյովին ուղղված քննադատությունները

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ճեպազրույցում անդրադարձել է լրագրող Վլադիմիր Սոլովյովի արտահայտած այն մտքին, որ Ռուսաստանը պետք է դիտարկի Հայաստանում և Կենտրոնական Ասիայի երկրներում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը, որպեսզի նրանք դուրս չգան ռուսական ազդեցության գոտուց:

Զախարովայի խոսքով՝ դա ընդամենը լրագրողի կարծիք է, Սոլովյովը նման կարծիք է հայտնել իր մասնավոր ալիքով, և նա չի արել հայտարարություն, այլ իր անձնական կարծիքը ձևակերպել է հարցի տեսքով:

Զախարովան նշել է, որ այդ մեկնաբանությունները հետագայում ներկայացվել են որպես Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշում, ինչն անընդունելի է: Նրա խոսքով՝ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվում է լիազորված պաշտոնական անձանց կողմից, և այդ դիրքորոշումը բազմիցս արտահայտվել է տարբեր հանդիպումներում և հարթակներում:

«Մենք պարբերաբար երկխոսություն ենք վարում հետխորհրդային տարածքում գործող տարբեր կառույցների միջոցով, ինչպիսիք են ԱՊՀ-ն, ՀԱՊԿ-ը: Մեր երկիրը Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ժողովուրդների հետ պատմականորեն կապում են բարիդրացիության, ռազմավարական գործընկերության, դաշնակցության, եղբայրական բարեկամության և համագործակցության հարաբերությունները»,- նշել է պաշտոնյան՝ կոչ անելով չտրվել սադրանքների:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ