![]()
Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի խոսքով՝ ցանկացած գերեվարված անձ, որն ազատվում է, հայերի մեծ մասի համար ուրախություն է, սակայն իշխանության ընդդիմախոսների շրջանում կան մարդիկ, որոնք տխրել են:
«Գործող իշխանության ցանկացած հաջողության դեպքում մտածում են, որ դրա պատճառով չեն կարողանալու գալ իշխանության, փակվում է իրենց ճանապարհը: Ընդդիմությանը խորհուրդ կտամ՝ գոնե լռեն, որի դեպքում շանսերն ավելի մեծ են»,- ասում է նա:
Քաղաքագետը շեշտում է՝ իր համար կարևորը արդյունքն է, ոչ թե այն, թե ինչպես է տեղի ունեցել գործընթացը. «Կյանքում լսե՞լ եք, որ կոնֆլիկտ լինի երկու պետության միջև, ու բոլոր գերիներին միանգամից վերադարձնեն: Փոքր-փոքր քայլերից պետք է ուրախանալ, փոքր քայլերը կտան մեծ արդյունքներ: Մեր իշխանությունը կարողացավ Ալիևին հասցնել էն վիճակին, որ նա հասկանա՝ ուրիշ տարբերակ չունի, ուզած-չուզած պետք է դա անի: Եթե մեզ չի հավատում ընդդիմությունը, թող իրենց կուռք Պուտինին լսեն, որ ասում է՝ բանակցությունները պետք է արվեն փակ ռեժիմով»:
Միաժամանակ նա նկատում է, որ մեր հասարակությունը ընդդիմությանն ընկալում է որպես հայհոյող մի խումբ:
Խոսելով TRIPP-ի մասին՝ վերջինս նկատում է՝ սա առավել կարևոր է քաղաքական իմաստով. «Թրամփն ասում է՝ ՀՀ-ի հարավը իմ հետաքրքրության շրջանակում է: Ամերիկացիք մեր կշիռը մեծացնում են: Մենք մեր շահը պետք է քաղենք սրանից․ սրանով ուժեղանում է Հայաստանը»:
Մեկնաբանելով ՀՀ-ում Իրանի դեսպանի այն աղմկահարույց հայտարարությունը, թե Թեհրանում ձևավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար, Ստեփան Գրիգորյանն ասում է. «Մեր կառավարությունն ապահովում է անվտանգությունը դեսպանատան աշխատանքի, բայց չի կարող ճնշել բողոքի ակցիա անող մարդկանց: Պետք է բացատրել, որ մեր համակարգը տարբերվում է իրենց համակարգից»:
Ինչ վերաբերում է Սոլովյովի հայտարարություններին՝ կապված Հայաստանի հետ, վերջինս ընդգծում է. «Մի տարի առաջ, երկու տարի առաջ ասում էին՝ «Куда вы денетесь», էս ո՞նց հասկացան, որ կարևոր ենք: Մեզ չաջակցեցին, հիմա նեղանում են, որ այլընտրանք ենք փնտրում»:
Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:
![]()