Սյունիքում բազմաթիվ են հարցերը ԹՐԻՓՓ-ի իրականացման մասին. Դանիելյանը կարևոր կետեր է առանձնացրել

Սյունիքում բազմաթիվ են հարցերը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման մասին։

Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը՝ առանձնացնելով մի քանի կարևոր կետեր, որոնք ամենահաճախ տրվող հարցերի պատասխաններն են:

«ԹՐԻՓՓ զարգացման ընկերության բաժնեմասերի 74%-ը պատկանելու է ԱՄՆ-ին, իսկ 26% մասնաբաժինը՝ Հայաստանին։ Նման հարաբերակցությունը պայմանավորված է նախատեսվող ներդրումներով, որոնք իրականացվելու են ԱՄՆ կողմից։

Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը սահմանային և մաքսային գործողությունների նկատմամբ բացարձակ են և անքննարկելի։ Ակնկալվում է, որ սահմանային և մաքսային բոլոր գործունեությունները կիրականացվեն սահմանային կառավարման միջազգայնորեն ճանաչված չափանիշներին համապատասխան՝ պահպանելով օգոստոսի 8-ի հռչակագրի սկզբունքները՝ օգտագործելով «ֆրոնտ օֆիս — բեք օֆիս» (ընդունարան — գրասենյակ) գործառնական մոդելը։

ՀՀ-ն տրամադրում է ԹՐԻՓՓ զարգացման ընկերությանը տրամադրելու է կառուցապատման իրավունք երկաթուղային ենթակառուցվածքների, էներգետիկ ենթակառուցվածքների, թվային ենթակառուցվածքների, օպտիկամանրաթելային ցանցերի, աջակցող ենթակառուցվածքների համար։

Նախատեսված ծրագրի իրականացման պարագայում Սյունիքը կունենա անվտանգության ապահովման իրական գործիքակազմ, միջազգային հստակ երաշխիքներով»,- գրել է նա:

Հունվարի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:

Ավելի ուշ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը, որի տեքստը տարածել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ