Անկախ միջոցառումների կազմակերպիչներից, ՀԷՑ-ը այլևս գործում է օրենքի գերակայությամբ, հանուն ՀՀ քաղաքացու

ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղի տնօրեն Սարիկ Մինասյանը սոցցանցի իր էջում անդրադարձել է Գյումրու քաղաքապետարանի ավելի վաղ արված հայտարարությանը՝ հոկտեմբեր 4-ին «Գյումրու օր» տոնակատարության ամանակ անխափան էներգամատակարարում ապահովելու վերաբերյալ:

«Ինչպես ցանկացած զանգվածային միջոցառման ժամանակ, այնպես էլ վաղը՝ հոկտեմբերի 4-ին՝ «Գյումրու օր» տոնակատարության ժամանակ, ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղը օրենքով սահմանված կարգով իրականացնելու է լրացուցիչ հերթապահություն՝ սպառողների անխափան էլեկտրամատակարարումն ապահովելու և անվտանգության նկատառումներից ելնելով:

Դիմել ենք նաև իրավապահ մարմիններին բաշխիչ կայանների և սնուցման կետերի մոտ հերթապահություն իրականացնելու և սադրիչ գործողությունները կանխելու համար:

Անկախ միջոցառումների կազմակերպիչներից, ՀԷՑ-ը այլևս գործում է օրենքի գերակայությամբ և հանուն ՀՀ քաղաքացու:

Մենք աշխատում ենք ամեն օր, օրը 24 ժամ՝ Գյումրին լուսավոր պահելու, մեր քաղաքացիներին արժանավայել միջավայր ապահովելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի մասնագիտական պարտականությունները բարեխիղճ կատարող աշխատակիցներին»,- գրել է Մինասյանը:

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին, երբ Գյումրու ավագանու նիստի օրակարգից քաղաքապետ Վարդան Ղուկասյանն առաջարկել ու հանել էր «Գյումրու օր» ամենամյա տոնակատարության կազմակերպման և անցկացման հարցը, ասել էր՝ ցուրտ է, տրամադրությունն էլ էն չէ:

Սեպտեմբերի 22-ի արտահերթ նիստի օրակարգից Վարդան Ղուկասյանը կրկին հանել էր նույն հարցը, ասել՝ օգտվում է իր ունեցած իրավունքից:

«Ես հարցը հանում եմ, դուք էլ չեք քվեարկելու, ելույթներ կարող եք ունենալ»,- ասել էր Ղուկասյանը՝ դիմելով ավագանու անդամներին: Այնուհետ պարզվել էր, որ «Մեր ձևով» շարժումը՝ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հետ միասին կազմակերպելու է Գյումրի քաղաքի տոնը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ