![]()
Հոկտեմբերի 3-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը» հյուրընկալել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալության հրավերով Հայաստան այցելած իրանական «ԻՌՆԱ» պետական լրատվական գործակալության պատվիրակությանը՝ գործակալության գլխավոր տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարիի գլխավորությամբ։
![]()
Պատվիրակության կազմում են եղել նաև «ԻՌՆԱ»-ի արտաքին կապերի ղեկավար Զաման Ռեզախանին, Հայաստանում Իրանի փոխդեսպան Բահրամ Թահերին, Իրանի ԱԳՆ և դեսպանության ներկայացուցիչներ։ Հայկական կողմից հանդիպմանը մասնակցում էին ՀԿՏԿ ղեկավար Գոռ Ծառուկյանը, «Արմենպրեսի» փոխտնօրեն Արաքս Կասյանը, «Օրբելի» կենտրոնի փորձագետները, ներկայացուցիչներ ԱԳՆ-ից, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության և Հայոց պատմության ինստիտուտներից։
![]()
Հանդիպման մեկնարկին ՀԿՏԿ տնօրեն Գոռ ծառուկյանը և «ԻՌՆԱ»-ի տնօրեն Սադեղ Հոսեյն Ջաբերի Անսարին ներկայացրել են իրենց գլխավորած կառույցների հիմնական գործառույթները, քննարկել համագործակցության հնարավոր ուղղությունները, որոնք կարող են ներառել տեղեկատվության փոխանակման, փաստերի ստուգման, համատեղ վերլուծական գործունեության և այլ ուղղություններ։
![]()
Հանդիպման հաջորդ հատվածում ծավալվել է քննարկում «Հայաստան-Իրան հարաբերությունները տարածաշրջանային վերջին զարգացումների համատեքստում» խորագրով։ Դրա ընթացքում կարծիքներ են փոխանակվել Հայաստան-Ադրբեջան գործընթացում արձանագրված վերջին զարգացումների ազդեցությամբ տարածաշրջանում խաղաղության միջավայրի կառուցմանը և ամրապնդմանը միտված առանձին և համատեղ քայլերի իրականացման, փոխշահավետ համագործակցային գաղափարների գեներացման, ակտիվորեն շրջանառման, առկա պայմաններում տեղեկատվական և փորձագիտական դաշտերի ներկայացուցիչների դերակատարման կարևորության և այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների վերաբերյալ։
![]()
Կողմերը պայմանավորվել են նաև ձեռք բերված պայմանավորվածություններն ամրագել երկկողմ, ինչպես նաև «Արմենպրեսի» հնարավոր մասնակցությամբ համագործակցության վերաբերյալ փաստաթղթի տեսքով։
![]()