Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է․ Ֆոն դեր Լայենն ամփոփել է ՀՀ վարչապետի հետ հանդիպումը

«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մտքերի շատ բովանդակալից փոխանակում ունեցանք»:

Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Շնորհավորեցինք Հայաստանին՝ Ադրբեջանի հետ հարաբերություններում Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի աջակցությամբ ձեռք բերված պատմական առաջընթացի կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է տարածաշրջանում խաղաղության և կայունության ճանապարհին։

Վճռական ենք՝ խորացնելու մեր համագործակցությունը։ Հայաստանը Եվրամիության համար առանցքային գործընկեր է։

Մեր Global Gateway ռազմավարության միջոցով մենք կզարգացնենք տարածաշրջանային հաղորդուղիները. այն ընդգրկում է առևտուրը, տրանսպորտը, էներգետիկան և թվային տեխնոլոգիաները:

Անհամբեր սպասում ենք 2026 թվականի առաջին կեսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին»,- «X»-ի իր միկրոբլոգում գրել է Ֆոն դեր Լայենը:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Կոպենհագենում Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ