Վաշինգտոնում ՀՀ-ն և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը. ԱԺ նախագահի ելույթը

Աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մադրիդում մասնակցել է ՀՀ Անկախության օրվան նվիրված ընդունելությանը, որը կազմակերպել է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

ՀՀ ԱԺ նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով:

«Ձերդ գերազանցություններ,

Պատվարժա՛ն հյուրեր,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ պատիվ է այսօր ձեզ հետ մասնակցել Հայաստանի Հանրապետության Ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը:

photo (40).jpg (283 KB)

Մեր Ազգային տոնը ոչ միայն Հայաստանի անկախության հռչակման տոն է, այլև մեր որդեգրած արժեքների՝ ազատության, տոկունության, խաղաղության և ժողովրդավարության հանդեպ հանձնառության վերահաստատում:

Այս տարի մեր տոնակատարությունն ունի շատ կարևոր ուղերձ: 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախագահ Դոնալդ Թրամփի աջակցությամբ Հայաստանը և Ադրբեջանը ստորագրեցին Հռչակագիր, որը բացում է մեր պատմության նոր էջը: Այն կարևոր հանգրվան է մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման ճանապարհին, խաղաղություն, որին մեր ժողովուրդները վաղուց են սպասում և որին արժանի են:

Ուրախ ենք, որ այս կարևոր օրը նշում ենք Մադրիդում՝ մի քաղաքում, որը խորհրդանշում է մշակութային բազմազանությունը, երկխոսությունը և բարեկամությունը: Հայաստանի և Իսպանիայի հարաբերությունները՝ հիմնված փոխադարձ հարգանքի և ընդհանուր ձգտումների վրա, շարունակաբար զարգանում են քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում: Մենք բարձր ենք գնահատում Իսպանիայի դերը՝ որպես գործընկեր թե՛ Եվրոպական միության շրջանակներում, թե՛ դրա սահմաններից դուրս և ակնկալում մեր համագործակցության հետագա խորացում:

photo (41).jpg (378 KB)

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Իսպանիայում բնակվող հայ համայնքին, որի նվիրվածության ու աշխատանքի շնորհիվ մեր երկու ժողովուրդների միջև ստեղծվել է կենդանի կամուրջ:

Թող այս օրը ևս մեկ առիթ հանդիսանա ավելի խորացնելու Հայաստանի և Իսպանիայի կապերը՝ ի շահ մեր ժողովուրդների բարօրության, խաղաղության ու բարեկեցության:

Կեցցե՛ն Հայաստանի Հանրապետությունը և Իսպանիայի Թագավորությունը:

Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ