Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է. հանդիպել են Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին Մադրիդում հանդիպել է Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի նախագահ Ֆրանսինա Արմենգոլ Սոսիասի հետ:

Զրուցակիցների քննարկումների առանցքում է եղել Հայաստան-Իսպանիա հարաբերությունների զարգացման շրջանակը՝ մասնավորապես շեշտը դնելով միջխորհրդարանական կապերի ակտիվացման, ինչպես նաև տնտեսական, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության վրա: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, վիզաների ազատականացման գործընթացին վերաբերող խնդիրներին և Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին:

Առանձնակի կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում հաստատված խաղաղությանն առնչվող հարցը, որի համատեքստում Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսի նախագահն արժևորել է ստորագրված փաստաթղթերը՝ նշելով, որ Իսպանիան տարածաշրջանում խաղաղության կողմնակից է:

Ալեն Սիմոնյանը գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել նաև Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին՝ կարեւորելով անհետ կորած համարվողների հարցը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ