Խստորեն դատապարտում ենք զարհուրելի զինված հարձակումը. Ավինյանը հրապարակել է համայնքների միության արձագանքը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր և համայնքների միության վարչության արձագանքը Մերձավանում տեղի ունեցած իրադարձություններին:

«Խստորեն դատապարտում ենք Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան բնակավայրում կատարված զարհուրելի զինված հարձակումը, որի հետևանքով սպանվել են համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը։ Մեր խոր ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Փարաքար համայնքի ողջ բնակչությանը։ Վիրավորում ստացած անձին մաղթում ենք շուտափույթ և լիարժեք ապաքինում։

Համայնքների միությունը կոչ է անում Հայաստանի իրավապահ մարմիններին արագ և ամբողջական քննություն իրականացնել՝ հանցագործության կազմակերպիչներին և կատարողներին ամենախիստ պատասխանատվության ենթարկելու համար։

Համայնքների միությունը վերահաստատում է իր լիակատար աջակցությունը բոլոր համայնքապետներին և բնակիչներին՝ ընդգծելով, որ որևէ բռնություն կամ ահաբեկում անընդունելի է և պետք է արժանանա իրավական համարժեք արձագանքի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կան 2 զոհ, 1 վիրավոր։

Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են եղել կրակոցի հետքեր, հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ:

Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ