![]()
Հայտնի է Մերձավանի կրակոցների հետևանքով վիրավորում ստացած անձի ինքնությունը: Վերջինս Արծրուն Գալստյանն է:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
«Վիրավորը տեղափոխվել է ԲԿ: Վիրահատվել է, այս պահին մեզ հասած տեղեկություններով կյանքին վտանգ չի սպառնում: Ըստ նախնական տեղեկությունների, դիմակավորված, ձեռնոցներով մեկ անձ մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ է արձակել»,- ասել է Սարգսյանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ, 1 վիրավոր։
Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։
Տեղում հայտնաբերվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենա, որի վրա առկա են կրակոցի հետքեր, հայտնաբերվել են նաև մեծ քանակի ինքնաձիգից կրակված փամփուշտներ:
Մերձավանի կրակոցների հետևանքով զոհված երկրորդ անձը քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանն է: Ըստ նախնական տեղեկությունների` մեկ անձ մոտեցել, կրակ է բացել և դիմել փախուստի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խստորեն դատապարտել է տեղի ունեցածը և ընդգծել. «ՀՀ իրավապահները պարտավոր են շուտափույթ բացահայտել հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց»։
![]()