Մենք համագործակցության շատ հզոր հիմքեր ունենք. Մարիամ Լաշխին՝ Սիսակ Գաբրիելյանին

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը սեպտեմբերի 23-ին հանդիպել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մարիամ Լաշխիի հետ:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

«Ողջունելով հյուրին և շնորհավորելով հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ Սիսակ Գաբրիելյանը համոզմունք է հայտնել, որ երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը շարունակական կլինի:

Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ մշտապես զգացել են ջերմություն բարեկամ երկրի կողմից: Նա շնորհավորել է Հայաստանի անկախության տոնի առթիվ՝ մաղթելով հաջողություններ:

«Մենք համագործակցության շատ հզոր հիմքեր ունենք»,- ասել է Մարիամ Լաշխին և համոզմունք հայտնել, որ համատեղ կիրականացվեն նախանշված բոլոր նախաձեռնություններն ու ծրագրերը:

Սիսակ Գաբրիելյանը խոսել է 2025թ. օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ու միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրման վերաբերյալ: Նա բարձր է գնահատել Վրաստանի դերը տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում և շնորհակալություն հայտնել Հայաստանին աջակցության համար:

Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգում իրականացվող բարեփոխումները, խոսել ուսուցիչների վերապատրաստման, ատեստավորման, վերջիններիս աշխատավարձերի բարձրացման գործընթացի մասին:

Անդրադարձ է կատարվել համատեղ իրականացվող և իրականացվելիք կրթական, մշակութային իրադարձություներին, պաշտոնական փոխայցերին: Նշվել է, որ ակտիվ և հաջող փոխհամագործակցությունը, համատեղ իրականացվող միջոցառումները մեծապես նպաստում են բարեկամության, միջմշակութային համագործակցության խորացմանը, տարածաշրջանային փորձի փոխանակմանը: Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի միջև երիտասարդական համաժողովների կազմակերպումը երիտասարդական երկխոսության զարգացման և համատեղ նոր նախաձեռնությունների իրականացման տեսանկյունից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ