Պաշտոնապես ասում եմ՝ 2018-ից Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է. Փաշինյան

Կոռուպցիայի հետ մեր չհաշտվելն օգտագործվում է մեր դեմ: Հայաստանում նման բան չի եղել, որ գործող նախարարը որպես մեղադրյալ ներգրավվի, որ Քաղաքաշինության կոմիտեի գործող ղեկավարը ձերբակալվի կաշառքով, էլ չեմ ասում՝ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Այս մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին:

«Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. դա անազնիվ բան է: Էլ չեմ ասում, որ չի կարելի երկու վերնագրով մարդկանց կախաղաններ ենք հանում հրապարակումներում: Տենց ո՞նց կլինի: Բա դա ժողովրդավարությո՞ւն է, ժողովրդավարությունն այդպե՞ս է»,- ասել է նա ու հավելել, որ կարող է պաշտոնապես հայտարարել՝ 2018-ից Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա:

Ըստ վարչապետի՝ եթե համակարգային կոռուպցիա լիներ, ինքն արդեն հայտնի բոլոր կոռուպցիոն դեպքերից իր «փայը» պետք է ունենար:

«Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ, որովհետև ես գիտեմ՝ ունեմ փայ, թե չունեմ: Եվ ես ձեզ ասում եմ՝ չկա, չի եղել և չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում:

Իսկ կոռուպցիա, կոռուպցիոն ինչ-որ դրսևորումներ, ցավոք, աշխարհի շատ երկրներում կան: Գնումների համակարգը ինչքան էլ լավարկում ենք, անընդհատ պրոբլեմներ են ի հայտ գալիս»,-նշել է վարչապետը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ