Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, կանխելու համար. Արմեն Գրիգորյան

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Երևանում ընթացող ՆԱՏՕ-ի ԽՎ սեմինարի ժամանակ երախտագիտություն է հայտնել վեհաժողովին և սեմինարի բոլոր մասնակիցներին, որոնք շարունակում են խթանել երկխոսությունն ու համագործակցությունը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։

«Երկխոսությունը լավագույն գործիքներից է հակամարտությունները լուծելու, ինչպես նաև դրանք կանխելու համար։ Խորհրդանշական է, որ այս սեմինարը տեղի է ունենում օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գագաթնաժողովից հետո, որի արդյունքում Հարավային Կովկասում խաղաղություն է հաստատվել, խաղաղություն, որին տարածաշրջանի երկրները երկար են սպասել։ Այժմ մենք աշխատելու ենք խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու ուղղությամբ, որպեսզի երաշխավորենք դրա հարատևությունը»,- նշել է Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ խաղաղության ինստիտուցիոնալացման գործում մեծ նշանակություն ունի տարածաշրջանի տնտեսական ապաշրջափակումը:

«Այս նպատակով Հայաստանը ժամանակին ներկայացրել էր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը դրական արձագանքի է արժանացել Հայաստանի գործընկերների կողմից։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնում ստորագրված եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվելու է «Թրամփի ուղի»՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման հաղորդակցության ծրագիրը»,- հավելել է Գրիգորյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ