Անհեթեթ տեղեկություններ են. Հայկ Սարգսյանը՝ կուսակցությունից հնարավոր հեռացման լուրերի մասին

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է կուսակցության վերջին ընտրություններում վարչության անդամ չընտրվելու և կուսակցությունից հնարավոր հեռացման մասին տեղեկությունները:

«Որևէ արտառող բան տեղի չի ունեցել: Տեղի են ունեցել թափանցիկ, պարզ ընտրություններ։ Եղել է քարոզարշավ, մեր կուսակցականներն ըստ քարոզարշավի ընտրել են այն թեկնածուներին, ում ցանկացել են»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը՝ ի պատասխան հարցի, թե ինչպե՞ս է ընդունում չընտրվելու փաստը։

Սարգսյանը հավելել է, որ մեղավորությունն իրենն է, քանի որ քարոզարշավին ուշ է միացել։

Հարցին՝ հնարավո՞ր է կուսակցությունից իրեն հեռացնեն, Սարգսյանը պատասխանել է․ «Դրանք անհեթեթ տեղեկություններ են»։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել էր վարչության ընտրության վերջնարդյունքները։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վերջերս կոնֆլիկտ ունեցած Հայկ Սարգսյանը չի ընտրվել որպես վարչության անդամ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ավելի վաղ տեղեկացրել էին, որ 2025 թվականի ապրիլին ՔՊ վարչությունը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։

Ըստ հրապարակումների՝ նրանք տարաձայնություններ ունեն Հայկ Սարգսյանի հեղինակած բուքմեյքերական ընկերությունների հարկերը բարձրացնելու մասին նախագծի քննարկումներից հետո:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ