Անկախության օրն անցկացրի Տեղ համայնքում. քննարկում էինք սոցիալական հարցեր, ոչ թե կրակոցները. Դանիելյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է լուսանկարներ ու նշել, որ Անկախության օրն անցկացրել է Տեղ խոշորացված համայնքում:

«Այցս առանձնանում էր վերջին տարիների մյուս բոլոր այցերից, քանի որ՝

Տոնը նշեցինք համայնքի ներսում, այլ ոչ թե առաջնագծում գիշերելով:
Համայնքի ղեկավարների և բնակիչների հետ քննարկում էինք սոցիալական և կազմակերպչական հարցեր, այլ ոչ կրակոցները:
Խոզնավարի և Խնածախի վարչական ղեկավարների հետ պայմանավորվեցինք սպորտային կենտրոն ստեղծելու մասին, այլ ոչ թե միջդիրքային խնդիրների լուծման ուղիներ գտնելու մասին:
Անկախության օրը ուզում եմ հատուկ ընդգծել Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի և վարչական ղեկավարների դերը երկրում կայունության ապահովման գործում:

Վերջին տարիներին նրանց համայնքը բախվել է բազմաթիվ անվտանգային խնդիրների` կրակոցներ, սահմանային լարվածություն, Կոռնիձորով հազարավոր մարդկանց տեղահանություն և այլն: Այդ իրավիճակներում նրանք չեն խուսափել պատասխանատվությունից և շարունակել են իրենց աշխատանքը պատշաճ կերպով:

Թող բոլոր դժվարությունները մնան անցյալում: Թող խաղաղ լինի մեր Հայրենիքի երկինքը, շատ լինեն ծնունդները և ամուր լինեն սահմանները:

Խոնարհվում ենք բոլոր նրանց առջև, ովքեր տվեցին իրենց կյանքը հանուն Հայաստանի:

Շնորհավոր Սեպտեմբերի 21»,- գրել է Դանիելյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ