Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես արժեքավոր գործընկերոջ. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի առթիվ.

«Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգության բարձրացման, առևտրի ընդլայնման և սահմանների պաշտպանության ուժեղացման հարցում՝ միաժամանակ վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության 34-րդ տարեդարձի կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կանգնած է Հայաստանի կողքին՝ որպես մեր արժեքավոր գործընկերոջ, երբ մենք միասնաբար առաջ ենք մղում մեր ընդհանուր նպատակները՝ խաղաղության, բարեկեցության և կայունության ապահովման ուղղությամբ Հարավային Կովկասում։ Մեր կայուն և ամուր հարաբերությունները հիմնված են հզոր մշակութային կապերի, համատեղ սկզբունքների և տարածաշրջանային անվտանգությունն ու տնտեսական հնարավորությունները խթանելու փոխադարձ ձգտման վրա։

Նախագահ Թրամփի նշանակալի գագաթնաժողովը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև ԱՄՆ-ի հայտարարած 145 միլիոն դոլարի աջակցությունը՝ ուղղված «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարեկեցության» (TRIPP) ծրագրի իրագործմանը, ընդգծում են մեր երկրի անխախտ հանձնառությունը Հայաստանի նկատմամբ և միևնույն ժամանակ կարևորում են մեր համատեղ ջանքերը՝ ուղղված տարածաշրջանային փոխկապվածության, տնտեսական ներդրումների և անվտանգության համագործակցության խթանմանը։

Մենք ուրախ ենք աջակցել Հայաստանին էներգետիկ անվտանգության բարձրացման, առևտրի ընդլայնման և սահմանների պաշտպանության ուժեղացման հարցում՝ միաժամանակ վերահաստատելով մեր հավատարմությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Ռազմավարական գործընկերությունն ու նախագահ Թրամփի և Վարչապետ Փաշինյանի կողմից ստորագրված երկկողմ համաձայնագրերը հանդիսանում են մեր համագործակցության հիմնասյուները՝ ուղղված այս ընդհանուր նպատակների առաջխաղացմանը։

Քանի որ Հայաստանը շարունակում է կերտել իր ապագան՝ որպես խաղաղության և զարգացման խաչմերուկ, Միացյալ Նահանգները վերահաստատում է իր հավատարմությունը՝ ավելի փոխկապված, կայուն և բարեկեցիկ տարածաշրջան ունենալու տեսլականին»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ