Շահրամանյանի քաղաքական տհասությունը հասցրեց այս իրավիճակին. քանդվեցին Սերժի և Քոչարյանի քարտերը. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանի խոսքով՝ երբ Սամվել Շահրամանյանը ստանձնել է Ղարաբաղի նախագահի դերը, արդյոք չի՞ մտածել, թե ինչ պատասխան պետք է տա պատմության առջև, արցախահայությանը և առհասարակ իր խղճի հետ ինչպես է ապրելու, թե՞ մտածում էր միջազգային նորմերի հետ խաղալը կամ լուծարման թուղթ ստորագրելը կատակ է:

Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով այն փաստին, որ Շահրամանյանը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը՝ պատմության դասագրքում Ղարաբաղի լուծարման մասին հիշատակելու և դրանում իր անունը ներառելու համար:

Նկատենք, որ Շահրամանյանը պնդում է, թե դասագրքում կեղծ փաստեր են ներկայացվել:

Ստեփանյանն ասում է՝ Շահրամանյանի անլրջությունը, քաղաքական տհասությունը, պատասխանատվությունը սեփական գործողությունների հանդեպ բերեցին հասցրին այս իրավիճակին:

«Նա պետք է նայի հայելու մեջ և ինքն իրեն հարց տա՝ հա՞շտ է իր հետ, թե՞ ոչ: Դեպքեր և իրադարձություններ կան, որ վաղեմության ժամկետ չունեն»,- ընդգծում է պատգամավորը:

Անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին շրջանի ակտիվությանը՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիներին ասում էր՝ մոնղոլ-թաթարական բուրգի դեմ սխալ է կռվել քվեաթերթիկով, բայց նրա թիմը վերջերս հանդիպել է Սերժ Սարգսյանի թիմի հետ: Նա կա՛մ այն ժամանակ էր ստում, կա՛մ հիմա: Պարզապես այս ստերը թանկ են նստում մեր ժողովրդի վրա»:

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե իրեն ինչի համար են դատում, Ստեփանյանն ասում է. «Մարտի 1-ին Ռոբերտ Քոչարյանը սեփական բանակը հանել է ժողովրդի դեմ, 10 քաղաքացու գնդակահարել է: Սերժ Սարգսյանի և նրա կսմիթները Մարտի 1-ից են գալիս: Սերժ Սարգսյանը նրան չի ներում՝ իր չեղած լեգիտիմությունը քարուքանդ անելու համար, Քոչարյանն էլ չի ներում՝ իր ոճով չաշխատելու, հեղափոխությունը բնում չխեղդելու համար: Ինչպես խաշի սեղանների մոտ գեներալներին կոչումներ էին բաժանում, երևի նույն խաշի սեղանների մոտ որոշել էին՝ «մի տասը տարի դու կկառավարես, հետո՝ ես, հետո իմ տղան կգա, հետո՝ փեսաս»: Ասում էին՝ «ինչքան ուզենք, էնքան կխփենք, ժողովուրդը ով ա, որ ձայն տա, ժեխ ա, պետք չէ ժեխին ձայն տալ»: Բայց մեր ժողովուրդը քանդեց էս խաղաքարտերը, և էսօր էս մարդիկ զբաղված են միջանձնային հարաբերություններ պարզելով»:

Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների բարձրացրած այն աղմուկին, ըստ որի՝ պետական կնիքի վրայից հանելով Արարատ լեռան պատկերը՝ ՀՀ իշխանությունները ուզում են մոռացության մատնել պատմությունը՝ պատգամավորն ասում է. «Արարատ լեռը Թուրքիայի սահմանում է մնացել կոնկրետ Դաշնակցության ստորագրած խայտառակ պայմանագրից հետո: Ես, որ երկար ժամանակ չեմ տեսնում Արարատ լեռը, կարոտում եմ, բայց իմ ինքնությունը պայմանավորված չէ՝ այն կնիքի վրա կա՞, թե՞ ոչ»:

Ստեփանյանն ասում է՝ իշխող ուժը գնալու է ընտրողների մոտ խաղաղության գաղափարախոսությամբ. «Եթե ժողովուրդը ցանկանում է մեզ շարունակել տեսնել, իր ձայնը կտա: ՀՀ քաղաքացին հոգնել է, խաղաղություն է ուզում»:

Առավել մանրամասն՝ հարցազրույցում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ