Այդ կնոջ ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ. հիմա ՔԿ-ն կպարզի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ. Կադաստրի կոմիտեի ղեկավար

«Այդ կինը փաստել է, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ, շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ դա ներկայացնեն իրավապահ մարմիններին»:

Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովասյանը՝ անդրադառնալով կոմիտեի նախկին աշխատակցի՝ վերջերս ներկայացրած աղմկահարույց միջադեպի մանրամասներին։

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը, հիշեցնենք, հայտնել էր, որ նախ իրեն ազատել են աշխատանքից, ապա կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգել և ծեծի են ենթարկել։

«Իրենք են փաստել՝ այդ կինը, որ իր ամուսինն է հայհոյանքներ ուղարկել ինձ: Շատ լավ կլինի, որ հենց իրենք էլ այդ փաստերը ներկայացնեն իրավապահ մարմիններին։ Ինչի՞ համար պաշտոնս թողնեմ կամ արձակուրդ գնամ, ես 4 զավակ ունեմ, ամբողջ օրը լծված եմ իմ պարտականությունների կատարմանը»,-իր խոսքում ասել է պաշտոնյան։

«Ես դեռևս չեմ հրավիրվել քննչական մարմին, որ հրավիրվեմ, ամեն ինչ կներկայացնեմ։ Այս հարցի վերաբերյալ ես որևէ մեկի հետ չեմ խոսել», – լրագրողների հայտնել է Թովմասյանը։

Նշենք՝ Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը տեսախցիկի առջև հայտնել էր, որ կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում մի քաղաքացի է ծեծի ենթարկվել: Ըստ հրապարակման՝ միջադեպից առաջ կոմիտեի աշխատակիցներից մեկին ազատել են աշխատանքից, ինչից հետո վրդովված ամուսինը զանգահարել է Կադաստրի պետին, սակայն պատասխան չի ստացել և ձայնային հաղորդագրություն է ուղարկել։ Մի քանի ժամ անց, ըստ տիկնոջ, իր ամուսնուն առևանգել են և դաժանաբար ծեծի ենթարկել, ծեծին մասնակցել է մոտ 50 մարդ։

Հավելենք, որ ՆԳՆ-ն քաղաքացուց ծեծի ենթարկվելու վերաբերյալ ստացել է հաղորդում, որն անմիջապես արձանագրվել է և ուղարկվել նախաքննական մարմին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ