![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Ֆարմանյանն ընդդեմ Հայաստանի»՝ Մարտի 1-ի ինը զոհերի գործով վճիռը՝ արձանագրելով Հայաստանի Հանրապետության կողմից մի շարք խախտումներ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով այս որոշմանը, ասել է.
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արձանագրել է ակնհայտը, որովհետև ես նախկինում էլ ասել եմ, որ, ըստ էության, Մարտի 1-ի գործը բացահայտված է: Այդ բացահայտման արդյունքները, իմիջիայլոց, այսօր քննարկվում են դատարանում:
Այլ բան է, որ ես կարծում եմ, հույս ունեմ, որ ՄԻԵԴ վճիռը նոր խթան և նոր ազդակ կլինի մեր իրավապահների համար, որպեսզի նրանք ի վերջո գտնեն ձևը նախ արդյունավետ դատավարության, նաև ապահովելու համար, որ Մարտի 1-ի ոճրագործներից որևէ մեկը ոչ թե ձևական, այլ իրական պատասխանատվությունից չխուսափի:
Կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումը կամ վճիռը լեգիտիմ առիթ է, որ մենք մի հատ էլ նայենք, լա՛վ, ինչքա՞ն կարող է ձգվել այս ամեն ինչը, ինչքա՞ն կարող է այդ դատավարությունը շարունակվել լղոզված պատասխաններով:
Էլի եմ ասում, որ Մարտի 1-ի ոճրագործությունը բացահայտված է, այդ քրեական հատորներում ամեն ինչի մասին ասված է»,- ասաց նա:
![]()