ՆԳՆ-ն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող ԱԹՍ-ներ է ձեռք է բերել. տեսանյութ

ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում Ոստիկանության ստորաբաժանումները ծառայության մեջ այսուհետև կկիրառեն արհեստական բանականությամբ հրահանգներ կատարող անօդաչու թռչող սարքեր՝ բարձրացնելով արձագանքման օպերատիվությունը։

Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից:

Սեպտեմբերի 9-ին և 10-ին անօդաչու թռչող սարքերի կիրառման հատուկ դասընթացներ անցած ՆԳՆ ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոնի և Ոստիկանության զորքերի մի խումբ ծառայողներ տեսական ու գործնական քննություններ են հանձնել։

Ոստիկանության զորքերի ծառայողների կողմից հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման, ինչպես նաև բարեփոխումների շրջանակում Ոստիկանության գվարդիայի ստեղծմամբ լիազորված հակաահաբեկչական գործողությունների իրականացման, տարբեր իրավիճակներում առաջադրված խնդիրների հաջող կատարման, գործողությունների և դրանց իրավաչափության ապահովման համար ևս կարևոր նշանակություն ունի անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ գործածումը։

Անօդաչու թռչող սարքերը հագեցած են ժամանակակից բարձրակարգ անվտանգության համակարգով, ունեն բազմաֆունկցիոնալ հնարավորություններ։ Արհեստական բանականության շնորհիվ ոստիկանության ծառայողները կարող են տեղերից, օրինակ, Օպերատիվ կառավարման կենտրոնից բարձրացնել անօդաչու սարքը և կարճ ժամանակամիջոցում պարզել, թե քանի մեքենա է որևէ խաչմերուկում հայտնվել խցանման մեջ, որն է խցանման պատճառը, անկարգությունների ժամանակ ֆիքսել իրավախախտներին, ավտոմեքենայի պետհամարանիշը, մակնիշը։ ԱԹՍ-ներն ունեն նաև բարձրախոսների միջոցով քաղաքացիներին իրազեկելու հնարավորություն։

Առաջիկայում նման դասընթացները նախատեսվում է անցկացնել նաև Ոստիկանության մարզային ստորաբաժանումների ծառայողների համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ