![]()
«ՀՀ բանակը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս անելիք չունի, խնդիր չունի: Մեր բանակի խնդիրը ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանությունն ապահովելն է: Սա է լեգիտիմության ռազմավարությունը բանակի դեպքում»:
Այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ այս ռազմավարությունն ընդամենը 2-3 տարվա ընթացքում տվել է շատ կոնկրետ, աներևակայելի արդյունքներ:
«Օրինակ՝ նախկինում Հայաստանում զենքի և սպառազինության ձեռքբերման մեր շուկաները խիստ սահմանափակ էին, սահմանափակ էին ոչ միայն աշխարհագրությամբ, այլև հասանելիությամբ: Հիմա մեր շուկաները, ըստ էության, անսահմանափակ են»,- նշել է վարչապետն ու միաժամանակ հավելել, որ այնպես չէ՝ ՀՀ-ն բոլոր տեսակի սպառազինություններից ունենալու ձգտումներ ունի:
Կառավարության ղեկավարը նաև մանրամասնել է, թե ինչու են այդ սահմանափակումները վերացել: Ըստ նրա՝ դա եղել է լեգիտիմության ռազմավարության պատճառով:
«Որովհետև որևէ երկիր մեզ հետ ռազմատեխնիկական ոլորտում համագործակցություն սկսել-չսկսելու հարցը քննարկելիս չունի մտավախություն, որ այդ սպառազինությունը կարող է օգտագործվել ոչ լեգիտիմ նպատակներով: Որևէ մեկը չի կարող վիճարկել ՀՀ ինքնիշխան, միջազգայնորեն ճանաչված տարածքը պաշտպանելու իրավունքը. դա անվիճարկելի է, հնարավոր չէ դա վիճարկել»,- ասել է նա:
Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ՝ եթե քո անվտանգության ապահովման թիվ 1 գործիքը բանակն է, դա նշանակում է՝ չկա անվտանգություն:
«Եթե մենք ուզում ենք, որ բանակը մեզ պաշտպանի, նախ մենք պիտի պաշտպանենք բանակին, եթե մենք ուզում ենք՝ զինվորը պաշտպանի մեզ, մենք նախ զինվորին պիտի պաշտպանենք: Եվ այս անվտանգության 100 շերտը, որ գոյություն ունի բանակից առաջ, զինվորին և երկիրը պաշտպանելու համար է»,- հավելել է վարչապետը:
![]()