Հայաստանում մենինգոկոկային վարակից մահվան դեպք է արձանագրվել. ՀՎԿԱԿ

2025 թվականի սեպտեմբերի 9-ին Վայոց Ձորի մարզի բնակչի մոտ ախտորոշվել է «Մենինգիտ, մենինգոկոկցեմիա»: Նա հոսպիտալացվել է ծանր վիճակով, սակայն, ցավոք, հաջորդ օրը հիվանդի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ:

Այս մասին հայտնել է ՀՎԿԱԿ-ը:

«Համաճարակաբանական հետազոտությունը և վարակի տարածման կանխարգելմանը ուղղված բոլոր անհրաժեշտ միջոցառումները իրականացված են:

Սերտ կոնտակտավորների շրջանում հսկողությունը շարունակվում է տնայցերով:

Ի՞նչ է մենինգոկոկային վարակը

Այն սուր վարակիչ հիվանդություն է, որը հարուցվում է մենինգոկոկերի կողմից

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով:
Բնակչության 1-10%-ը կրում են մենինգոկոկային մանրէն բկանցքում առանց որևէ ախտանշանի և կարող են վարակը փոխանցել այլ անձանց

Ախտանշանները

Բարձր ջերմություն
Ուժեղ գլխացավ, պարանոցի կարկամում
Սրտխառնոց, փսխում
Թուլություն, քնկոտություն կամ գիտակցության խանգարում և ցնցում
Մաշկի վրա հատուկ կարմիր-մանուշակագույն ցան (ավելի ուշ փուլում)

Ինչպե՞ս պաշտպանվել մենինգոկոկային վարակից

Առկա է մենինգոկոկային վարակից պաշտպանվելու 2 տարբերակ.
պատվաստում
կանխարգելիչ հակաբիոտիկոթերապիա

Եղեք ուշադիր գանգատների դեպքում անհապաղ դիմեք բժշկական օգնության»,- ասված է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ