Հայաստանը կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության կողմնակից. Հովհաննիսյան

Վիեննայում Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը սեպտեմբերի 11-ին ամփոփիչ ելույթով հանդես է եկել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդում, որտեղ Հայաստանի Հանրապետությունն ավարտում է իր երկամյա անդամակցությունը։

Ինչպես հայտնել են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից, Անդրանիկ Հովհաննիսյանը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանի համար մեծ պատիվ և պատասխանատվություն էր պաշտոնավարել ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդում, իր ներդրումն ունենալ ԱԷՄԳ նպատակների իրագործմանը և նպաստել կենսականորեն կարևոր մանդատի պահպանմանն ուղղված ջանքերին։

Հովհաննիսյանը նաև շնորհակալություն է հայտնել անցնող տարվա ընթացքում Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում աշխատելու հնարավորության և վստահության համար։
Ընդգծվել է, որ Հայաստանը ակտիվ և կառուցողական մասնակցություն է ունեցել Կառավարիչների խորհրդում ընթացող քննարկումներին և որոշումների ընդունմանը, որոնք ձևավորել են ԱԷՄԳ գործունեությունը մարտահրավերներով լի գլոբալ միջավայրում։ Իր պաշտոնավարման ընթացքում Հայաստանն առաջնորդվել է օրակարգային հարցերի և խնդիրների՝ դիվանագիտության, երկխոսության և փոխադարձ հարգանքի հիման վրա հասցեագրման հրամայականով:

Շեշտվել է, որ Հայաստանը, հավատարիմ մնալով ԱԷՄԳ նպատակներին և սկզբունքներին, վերահաստատում է շահագրգիռ կողմերի հետ կառուցողականորեն համագործակցելու և երկխոսությունը խթանելու իր պատրաստակամությունը և կշարունակի լինել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության ակտիվ կողմնակից։

Հայաստանի մշտական ներկայացուցիչը երախտագիտություն է հայտնել Կառավարիչների խորհրդի նախագահին, ԱԷՄԳ Գլխավոր տնօրենին, գործընկերներին և քարտուղարությանը՝ համագործակցային աշխատանքի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ