Էլ չգիտեք՝ ինչ կապիկություն անեք, որ ժողովրդին համոզեք՝ հանձնեցին, տվեցին. բավ է, դուք ամոթ չունե՞ք. տեսանյութ

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանի համոզմամբ՝ վաշինգտոնյան փաստաթղթերով վերջ է դրվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությանը: Ըստ նրա, սակայն, բուն խաղաղություն կառուցելու համար ամենօրյա ջանք ու աշխատանք է պետք:

Միաժամանակ պատգամավորը նկատում է՝ այս ամենից հետո ընդդիմությանը մնում է սուտ թեզեր հնչեցնել:

«Ասում են՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին է, հիմա մեր ընդդիմությանն է. միջանցք տվինք, Սյունիքը հանձնեցինք և այլն: Ուզում են, որ ժողովուրդը հույսը կտրի, ինչպես իրենց կառավարման տարիներին էր: Իրենց քաղաքական գոյությունը կախված էր նրանից, որ որքան ՀՀ-ի համար վատ, իրենց համար այնքան լավ»:

Քլոյանը ևս մեկ անգամ շեշտում է՝ վաշինգտոնյան համաձայնագրում որևէ բառ չկա միջանցքի մասին, ոչ էլ բանավոր պայմանավորվածություն կա:

Հարցին՝ Հայաստանի և Ադրբեջանի բնակչությունները արդյոք պատրա՞ստ են համերաշխ ապրել, Քլոյանը կարծիք է հայտնում, որ տարիների ընթացքում քիչ-քիչ դա տեղի կունենա:

Ինչ վերաբերում է Ղարաբաղի բնակչությանը, վերջինս ընդգծում է. «Ղարաբաղի բնակչությունը պատրա՞ստ է գնալ և ապրել Ադրբեջանի պայմաններով: Բնականաբար ոչ: Մյուս տարբերակը պատերազմն է, բայց աշխարհը Ադրբեջանը ճանաչում է Ադրբեջանի մաս, ինչպե՞ս կարող է ընդունել մեր պատերազմը»:

Ապա Քլոյանը դիմում է ընդդիմությանը. «Բավ է այս մարդկանց ցավեցնեք, դուք խիղճ ու ամոթ չունե՞ք: Ձեզ համար միայն իշխանության գալն է կարևոր, որ թալանեք, թե ում վերքերի ու ցավի վրայով, էական չէ»:

Նա հերքում է, թե ադրբեջանցիներ են գալու և բնակվեն ՀՀ-ում. «Էլ չգիտեն՝ ինչ կապիկություններ անեն, որ էս ժողովրդին համոզեն, թե հանձնեցին, տվեցին, պատերազմ է»:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ իշխող ուժի անդամը նկատում է. «Եթե Թուրքիայի հետ բաց սահմաններ ունենանք, մեր պետությունը կզարգանա, կշնչի»:

Առավել մանրամասն՝ «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ