Ասում էինք՝ բանակցե՛ք ադրբեջանցիների հետ, բայց ոչ վերջում Եվլախում Արցախի լուծարում ստորագրեք. Հակոբյան

Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը Արցախը հանձնում չէ, Արցախը հանձնել են Եվլախում:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Հակոբյանը պատասխանել է նաև Սյունիքից ճանապարհ հանձնելու վերաբերյալ հարցերին:

«Սյունիքից ճանապա՞րհ ենք տվել, երբ այդ ճանապարհը վերահսկվելու է ՀՀ օրենքներով, դուք համարում եք, որ այդ ճանապարհը մենք տվե՞լ ենք»,- ասել է նա:

Դիտարկմանը՝ թե խաղաղությանն ի՞նչ գնով են հասնելու, Արցախը հանձնելո՞ւ, Հակոբյանն ընդգծել է. «Արցախը գիտեք ովքեր են հանձնել, այն մարդիկ, որոնք գնացին Եվլախում ստորագրեցին»:

Հակոբյանը նաև ասել է, թե հիմա ինչու չի խոսվում արցախցիների վերադարձի մասին:

«Այն ժամանակ ասում էինք՝ դուրս մի՛ եկեք, մեզ ասում էին՝ չեն թողնում գանք Հայաստան, հիմա եկել են Հայաստան, ասում են՝ չեք թողնում հետ վերադառնանք Արցախ:

Բա հիմա ինչի՞ եք ուզում վերադառնալ Արցախ: Մենք էլ էինք ուզում, որ դուք անվտանգ ապրեիք, ասում էինք՝ գնացեք, բանակցեք ադրբեջանցիների հետ, բայց ոչ վերջում հասցնել այն փուլին, որ Եվլախում ստորագրեին Արցախի լուծարման փաստաթուղթը»,- ասել է պատգամավորը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ