![]()
Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արեգ Քոչինյանի կարծիքով՝ հայաստանյան ընդդիմադիր զանգվածը և այլ անհատներ դեռ չեն կարողանում հասկանալ՝ ինչ է նշանակում բազմավեկտոր արտաքին քաղաքականություն և բարձր մակարդակի հարաբերություններ հնարավորինս շատ գործընկերների հետ:
Այս մասին նա ասում է «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այցին Չինաստան, որի շրջանակում հայտարարվել է՝ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին ընդունվել է համատեղ հայտարարություն:
«Այսինքն՝ այն, ինչ այսօր իշխանությունն անում է՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը: Մենք պետք է ոչ թե տեր, այլ գործընկերներ փնտրենք»,- տեսակետ է հայտնում նա:
Ըստ Քոչինյանի՝ ընդդիմությունը չի կարողանում փոխել «տեր ունենալու» մտածողությունը:
Վերջինիս նկատառմամբ՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կնքված պայմանագիրը մեկ քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. «Սահմանների բացումը ՀՀ-ին դուրս է հանելու շրջափակումից, որն էլ բերելու է տնտեսական մեծ օգուտներ»:
Զրուցակիցը միաժամանակ նշում է, որ փաստաթուղթը չի բխում Ռուսաստանի շահերից, և բնական է, որ Հայաստանում գտնվող ռուսական ազդեցության գործակալները պետք է դեմ լինեն դրան. «ՌԴ-ին ձեռք է տալիս սահմանների փակ լինելը, քանի որ այդպես ՀՀ-ն կախված է մնում իրենից: Ռուսները խաղում են հայ ժողովրդի վախերի վրա»:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա ըստ Քոչինյանի՝ Թուրքիայում էլ կա որոշ դժգոհություն այս գործընթացների հետ կապված. «Կա կարծիք, որ Թուրքիան դուրս է մնացել այս ամենից: Սրա մեղավորությունը պետք է որոնեն Անկարայում, քանի որ հայկական կողմը փորձել է գնալ համագործակցության, բայց Թուրքիան որոշել է, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն այնպես, ինչպես որոշի Ադրբեջանը: Չեմ հասկանում, թե էլ ինչու են Թուրքիայում նեղսրտում»:
Անդրադառնալով իշխանության ընդդիմախոսների այն պնդումներին, թե փակ սահմաններով ավելի ապահով է՝ քաղաքագետն ասում է. «Եթե թուրքերը վատն են և ուզում են մեր կործանումը, այդ դեպքում ինչո՞ւ են սահմանը փակ պահում, չեն բացում, որ կործանեն»:
Մեկնաբանելով ռուսաստանաբնակ, միլիարդատեր, ՀՀ-ում իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգի տապալման հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով կալանավորված Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժման ստեղծմանը և դրա անդամների ու Գարեգին Բ-ի հանդիպմանը՝ Քոչինյանը նկատում է. «Եկեղեցու բարձրագույն ղեկավարությունը արմատական ընդդիմության դերի մեջ է մտել, և ցանկացած արմատական ուժ նրա համար դաշնակից է»:
Վերջինս Ծիծեռնակաբերդի վերանորոգումը որպես աղետ ներկայացնողներին, երեքմանեթանոց լաց անողներին հիբրիդային պատերազմի մաս է համարում:
Մեկնաբանելով նաև սեպտեմբերի 2-ին ընդդիմության հրավիրած հանրահավաքը՝ նա նկատում է. «Փաստորեն Դաշնակցությունը հրաժարվեց Արցախից. եթե սկզբում տեքստում գրում են՝ «Արցախ վերադարձ», հետո խմբագրում դարձնում են «դեպի Արցախ վերադարձ»․ ինչ է, հրաժարվո՞ւմ են Արցախից»:
Առավել մանրամասն՝ հարցազրույցում:
![]()