![]()
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Եվրամիության հարաբերություններին՝ շեշտելով, որ վերջին տարիներին այդ հարաբերություններն էականորեն փոխվել են։
Դուբլինի միջազգային և եվրոպական հարցերի ինստիտուտում փորձագետների հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների մասին հարցին, հիշեցրել է, որ 2025 թվականի մարտին Հայաստանի Հանրապետության խորհրդարանն օրենք է ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին։
«Շատ կարևոր է նաև նշել, թե դա ինչպես տեղի ունեցավ։ Հայաստանում սկսվեց քաղաքացիական նախաձեռնություն՝ Սահմանադրության համապատասխան դրույթի պահպանմամբ, իսկ այդ դրույթը նախատեսում է, որ եթե քաղաքացիները հավաքում են 50 հազար ստորագրություն, կարող են խորհրդարանի քննարկմանը ներկայացնել օրենքի նախագիծ։ Եվ, եթե խորհրդարանը մերժում է այդ նախագիծը, նրանք կարող են վերադառնալ, հավաքել լրացուցիչ 250 հազար ստորագրություն, և այդ դեպքում արդեն այդ նախագիծը կարող է ներկայացվել հանրաքվեի միջոցով ընդունման։
Այդ ժամանակ մեր կուսակցությունը որոշեց այդ օրենքն ընդունել. հիմա մենք ունենք, ընդունել ենք օրենք Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին։ Բայց վերջին տարիների ընթացքում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններն էականորեն փոխվել են, և մենք հիմա երկուստեք արձանագրում ենք, որ այդ հարաբերությունները հիմա իրենց պատմական ամենաբարձր մակարդակի վրա են»,- ասել է ՀՀ վարչապետը՝ հիշեցնելով, որ այս տարվա մայիսին Երևանում տեղի ունեցավ Հայաստան-Եվրամիության առաջին գագաթնաժողովը, իսկ մինչ այդ էլ Հայաստանն ու Եվրամիությունը ռազմավարական գործընկերություն հաստատելու մասին փաստաթուղթ էին ստորագրել։
«Սա է իրողությունը։ Անկեղծ լինելով՝ ասեմ, որ մենք մեզ շատ հարմարավետ ենք զգում Եվրամիության հետ հարաբերություններում։ Ի դեպ, Հայաստանը միակ երկիրն է, որը հիմա բանակցում է Եվրամիության հետ վիզաների ազատականացումը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով նաև, որ ԵՄ-ն Հայաստանին աջակցություն է տրամադրել Եվրոպական խաղաղության հիմնադրամի միջոցներից, ինչպես նաև քաղաքացիական դիտորդական առաքելություն է ուղարկել Հայաստան՝ դիտարկելու Հայաստան-Ադրբեջան սահմանը։
![]()