Վերջապես լուծվեց ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտում ՀՀ-ի՝ «կողմ» չհամարվելու խնդիրը. ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարված է

 

Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբն այսօրվանից պաշտոնապես լուծարված է։

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունը ղարաբաղաադրբեջանական կոնֆլիկտից վերջապես դուրս բերելու կարևոր քայլի համար։

Հայաստանի բոլոր 4 ղեկավարները փորձել են նույն բանը, բայց չեն կարողացել իրականացնել։ Վերջապես ստացվեց լուծել կոնֆլիկտում Հայաստանի՝ «կողմ» չհամարվելու խնդիրը։ Դրա համար անհրաժեշտ էր փակել «Ղարաբաղի խնդիրը կողմերի միջև կարգավորելու» համար ստեղծված Մինսկի խումբը, որտեղ աշխարհում բոլորը, բացի Հայաստանի ժողովրդից, «կողմեր» ասելով հասկանում էին Հայաստանին և Ադրբեջանին։

ՀՀ առաջին իշխանությունները քարը գցել էին փոսը, հետո իրենք էլ, մյուսներն էլ հանել չէին կարողանում։

Հիմա մնում է, որ արցախահայությունը կարողանա համախմբվել, երկարաժամկետ ռազմավարություն մշակել, խնդիրներ ուղենշել և փորձել մոտակա տասնամյակներում տարբեր երկրներում իրավական ընթացակարգերի միջոցով հասնել մինչև նոր աշխարհակարգի հաստատում՝ որտեղ իրավունքը նորից կլինի գերակա, իսկ միջազգային համաձայնությունները գուցե հնարավորություն տան փոխել Ադրբեջանի և Արցախի ժողովուրդների հարաբերությունների վերաբերյալ աշխարհի մոտեցումը։ Ինչպես օրինակ 1920-24 թվականներից հետո տեղի ունեցավ 65-70 տարի անց՝ 1988-1994 թվականներին»,- գրել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրել էին ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։

ԱԳՆ-ն հրապարակել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի տեքստը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵԱՀԿ նախարարների խորհուրդը որոշում կայացրեց փակել ԵԱՀԿ Մինսկի գործընթացը և դրան կից կառույցները: Կառույցը լուծարելու առաջարկով հանդես են եկել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը Ադրբեջանի համար Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու երկու կարևոր պայմաններից մեկն էր։

ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել է 1992 թվականին՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը խթանելու համար: 2020 թվականի աշնանը՝ պատերազմից հետո, որն ավարտվեց Ադրբեջանի հաղթանակով, պաշտոնական Բաքուն բազմիցս հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, ինչը նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա ինստիտուտների կարիքը չկա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ