ՀՎԿԱԿ-ը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը խորհուրդ է տալիս սեպտեմբերի առաջին օրերին միջոցառումները կազմակերպել շենքերի ներսում՝ պայմանավորված շոգ եղանակով և սպասվող բարձր ջերմաստիճանով:

ՀՎԿ ազգային կենտրոնը զգուշացնում է.

ուլտրամանուշակագույն ճառագայթները հատկապես արևոտ օրերին կարող են ունենալ մի շարք բացասական հետևանքներ մարդու առողջության վրա։ Դրանք հատկապես վտանգավոր են, երբ մարդը երկար ժամանակ է գտնվում արևի ուղիղ ճառագայթների տակ՝ առանց պատշաճ պաշտպանության։

ուլտրամանուշակագայուն ճառագայթները կարող են պատճառ լինել արևահարության, մաշկի քաղցկեղի առաջացման։ Կարող են մաշկի վրա առաջացնել բշտիկներ, քոր, կարող է լինել այտուցվածություն։

«Խուսափե՛ք արևի ճառաջայթներից 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում: ՈՒՄ ճառագայթման ինտենսիվությունն այս ժամերին առավելագունն է:

Ցանկալի է կրել բարակ, բաց գույնի, երկարաթև հագուստ: Անպայման կրել գլխարկ, ցանկալի է լայնեզր:

Օգտագործե՛ք արևապաշտպան քսուկ:

Կրե՛ք արևային ակնոց:

Օգտագործե՛ք հնարավորինս շատ ջուր:

Նախապատվությունը տվեք դյուրամարս սննդամթերի, խուսափեք կծու, թթու օգտագործելուց»,- հիշեցրել է ՀՎԿԱԿ-ը:

Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի, օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին Շիրակում, Կոտայքում, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի և Տավուշի հովիտային շրջաններում, ինչպես նաև Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

ՀՀ մարզերում և Երևանում օգոստոսի 30-31-ին, սեպտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ներկայացրել է սեպտեմբերի սպասվող եղանակային կանխատեսումները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ