Թեհրանում հանդիպել են Հայաստանի ԱԽ քարտուղարն ու Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրան կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հետ:

Կողմերը գոհունակությամբ նշել են ԱԽ գրասենյակների միջև ձևավորված ինստիտուցիոնալ կապերը և վստահություն հայտնել դրանց շարունակական ամրապնդման ու զարգացման հարցում:

Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային վերջին զարգացումները, ինչի համատեքստում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է օգոստոսի 8-ին ստորագրված համաձայնագրերը և նշել, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործընթացը տեղի է ունենալու բացառապես երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության, սահմանների անքակտելիության և փոխադարձության սկզբունքների լիակատար հարգման շրջանակներում:

Լարիջանին ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված համաձայնությունները՝ կարևորելով կայունության և անվտանգության ապահովումը Հարավային Կովկասում:

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Իրանի միջև երկկողմ օրակարգին՝ ընդգծելով տնտեսական փոխգործակցության ամրապնդման անհրաժեշտությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 29-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ